Foto

Փաշինյանն Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու


Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկվա հարցազրույցը հայաստանյան իրականության մեջ այնպիսի աղմուկ է բարձրացրել, իբր մինչև հիմա ամեն ինչ լավ էր ու մեկ էլ հանկարծ …

Իրականում այս իրավիճակը ստեղծվել է 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան կարգավորման նախապատմությանը սկսեց ծանոթանալ Ալիևից, երբ հայտարարեց որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից, իսկ երբ պարզվեց, որ բանակցում է, ասաց որ ինչ ուզում՝ այն էլ բանակցում է, բանակցում է իր՝ զրոյական կետից: Այն ժամանակ դեռ չկար 44 օրյա պատերազմը և Փաշինյանի խայտառակ պարտությունը: Այն ժամանակ ոմանց համար պարզորոշ չէր, որ այդ ամենը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտում է, այլ արագորեն մոտեցող աշխարհաքաղաքական բախումների տրամաբանության մեջ:

Այդ ամենը շատերի համար պարզվեց արդեն այն ժամանակ, երբ Թուրքիան մտավ Հարավային Կովկաս՝ իր գլխավոր շտաբով, հրահանգիչներով, վարձկան ահաբեկիչների զորքերով: Ուղղակի միանգամից ամեն ինչ ավարտել հնարավոր չէր, որովհետև Թուրքիային զսպող ուժը՝ Ռուսաստանը, դեռ Ուկրաինայում թաթախված չէր պատերազմի մեջ, դեռ Հայաստանի իշխանությունները բացեիբաց հակառուսականություն չէին քարոզում երկրի ներսում, դեռ Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան չէին փչացել, որ Ալիևի բերանով պահանջներ ներկայացվեր Հայաստանին, դեռ Հայաստանն ուներ այնքան ներուժ, որպեսզի պատերազմը Թուրքիայի ու Ադրբեջանի համար թանկ կնստեր:

Ու պատահական չէր, որ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններիի վրա ստորագրությունների թանաքը դեռ չչորացած, Փաշինյանն ու Ալիևը բանավոր համաձայնվեցին Կովսականից հայկական զորքերի հետքաշման վերաբերյալ: Ադրբեջանական զորքերը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պատահական չմտան Հայաստանի ինքնիշխան տարածք, նրանք պատահական չէր, որ առանց դիմադրության ռազմավարական դիրքեր գրավեցին Վայոց ձորի ու Սյունիքի բարձունքների վրա և այլն:

Սկզբում ակնարկեցի մեծ աշխարհաքաղաքականության մասին: Այն, ինչ հիմա անում է Թուրքիան՝ Ադրբեջանի ձեռքով, ոչ այլ ինչ է, քան նոր աշխարհակարգի ձևավորման փուլում Ռուսաստանի, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների պարզման ժամանակ հարմար դիրքավորվելու փորձ: Հայաստանը Ադրբեջանի համար հիմա ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց այստեղ դեռ ռուսական ռազմաբազա կա, դեռ Ռուսաստանը Հայաստանի ԵԱՏՄ անդամությամբ որոշ արգելանքներ է շրջանցում, դեռ հայ հասարակության մի ստվար հատված Հայաստանի անվտանգության իրական երաշխավորին տեսնում է Ռուստանում: Այս ռուսական, արդեն հարաբերականորեն զսպող, ուժի վերջնական բացառումն է ստիպում Թուրքիանին ու Ադրբեջանին՝ արագացնել գործընթացները, էսկալացնել ռազմական բախումների սցենարները:

Փաշինյանը, ներքաղաքական մի շարք նկատառումներով պայմանավորված, հիմա պատրաստը չէ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց Ադրբեջանն էլ ժամանակ չունի: Պատերազմի «մի կաթիլ մեղրը» միշտ էլ կարելի է գտնել, մանավանդ, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ հայ հասարակությունը, առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերը կաշկանդված լինեն իրենց գործողություններում: Այլապես Ալիևն «օգնության» կգա անհապաղ: Չէ, Ալիևը Փաշինյանի թիկնապահը չէ, Փաշինյանն Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու: Դա է պատճառը, որ Ադրբեջանն անցել է վերջնագրի լեզվին, այսինքն՝ կամ Փաշինյանը, թեկուզ իր իշխանության կամ կյանքի գնով, կկատարի իր ստանձնած պարտականությունները, կամ դա կանի Ալիևը՝ հայ ժողովրդի կյանքի գնով:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան