Foto

Միտք ունեմ հրաժարական տալու. վերջնական որոշումս կկայացնեմ Նոր տարուց հետո. Կարեն Գիլոյան

Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար, մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը: Համացանցում շրջանառվում են տեղեկություւններ, ըստ որոնց սպորտի փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել եւ շարունակում եմ պաշտոնավարել որպես ԿԳՄՍ փոխնախարար: Միտք ունեմ հրաժարական տալու:

Մինչեւ դեկտեմբերի 30-ը քննարկում ունեմ WADA-ի նախագահի հետ: Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի  խորհրդի անդամ, ինձ ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը գամ համաձայնության, տոներից հետո հավանաբար դիմում կգրեմ: WADA-ում ընտրվել եմ 3 տարի ժամկետով՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչեւ 2027 թվական:

Մի քանի ուրիշ ծրագրեր էլ ունեմ մասնավորի հետ: Երկու խոշոր ծրագիր է՝ ուսումնամարզական մարզաբազա հավաքների համար եւ եւս մեկ խոշոր մարզահամալիր սառցե սահադաշտով, օլիմպիական լողավազանով, ամեն ինչ նախատեսած մրցումների համար: Մարզաբազան կլինի Հանքավանում, մարզահամալիրը՝ Երեւանի մերձակայքում: Առայժմ բանակցությունների մեջ ենք: Մի քանի տասնյակ միլիոնների ներդումներ է լինելու: Իմ շատ հարազատ ընկերների ցանկությունն է, որ մնամ սպորտում, փորձենք ակումբային սպորտը զարգացնել:

Այնպես, որ այս ամենը դեռ բանակցությունների փուլում է, ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել: Որոշումս կկայացնեմ Նոր տարուց հետո»,- ասաց փոխնախարարը:

Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։