Foto

Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել։ Համենայնդեպս կարող եմ ասել, որ մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։

Այժմ մենք ունենք 2024 թվականի 10 ամսվա տվյալները, որոնք կազմել են 10,2 միլիարդ դոլար: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը, բայց տարին դեռ չի ավարտվել, այնպես որ կարծում եմ` մինչև տարեվերջ ցուցանիշն էլի կբարձրանա», - նշել է նա։

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական կապերի իրականացման համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի: Օվերչուկը նաև նշել է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողներից է։