Foto

Խեղճ քաղաքացիներ, ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, “Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից” խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում, 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն Նիկոլի այսպես կոչված “հեղափոխությունից” շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:

Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևայլ պատկերը:

1. Աշխատանք

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը, շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:

2. Տնտեսական աճ

Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ. ըստ կառավարության՝ տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում: 

3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում

Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող “Սեպուհ” ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակված ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:

4. Կոռուպցիայից զերծ երկիր

Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների “ամենասիրելի” թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:

5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում

2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում: Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը: 

6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում

Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքները առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում իհարկե տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:

7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն

Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող “խաղաղություն”, ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:

8. Ուժեղ բանակ

Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը “կատարվել է” շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:

9. Կրթության որակի բարելավում

Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է: 

10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն

Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել, և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը մեղմ ասած տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73570 մարդ, 2022թ.-ին՝ 27940 մարդ, 2023թ.-ին՝36510 մարդ: Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է օրինակ Գյումրու չափ մի քաղաք: 

Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը՝ շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած»: