Foto

Իրանը շվեյցարացի դիվանագետների միջոցով ԱՄՆ-ին փոխանցել է, որ չի փորձի սպանել Դոնալդ Թրամփին. NBC News

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ հոկտեմբերի կեսին Իրանը շվեյցարացի դիվանագետների միջոցով գրավոր տեղեկություն է ուղարկել, որում ասվել է, որ չի ձգտի սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, գրել է NBC News-ը։

Տեղեկությունն ստացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Շվեյցարիայի միջոցով նախազգուշացում է ուղարկել այն մասին, որ Թրամփի դեմ մահափորձերը դիտարկելու է որպես պատերազմի ակտ, ասել է պաշտոնյան։

Շվեյցարիան ներկայացնում է ԱՄՆ դիվանագիտական շահերը Թեհրանում, քանի որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան։

Հուլիսին Բայդենի վարչակազմը հայտնել էր, որ հետախուզական տվյալներ է ստացել իրանական դավադրության մասին՝ Թրամփի դեմ մահափորձի նատակով, եւ այդ տեղեկությունը մղել է Գաղտնի ծառայությանը ուժեղացնել անվտանգության միջոցները նրա ընտրարշավում։ Անցած շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել մի իրանցու Թրամփի դեմ մահափորձի դավադրության մեջ պատվիրված սպանության սխեմայի շրջանակում։

Քրեական հայցում նշվել է, որ տղամարդն իբր ցուցում է ստացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցչից՝ մշակելու Թրամփի սպանության պլանը հոկտեմբերի կեսին։