ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հարցում է սկսել իր թելեգրամ-ալիքի բաժանորդների շրջանում ռուսական դպրոցներում միգրանտների ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելն արգելելու օրինագծի վերաբերյալ։
Հարցումը նկատել է «Կոմերսանտը»։
Վոլոդինը իր բաժանորդներին հարցրել է, թե արդյոք անհրաժեշտ է միգրանտների երեխաների ռուսերենի իմացության նախնական թեստավորում կատարել դպրոց ընդունելուց առաջ։ Հարցման մասնակիցները կարող են ընտրել պատասխանների երեք տարբերակներից մեկը. «աջակցում եմ», «չեմ աջակցում», «միեւնույն է»։
Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ի դրությամբ հարցմանը մասնակցել է ավելի քան 57,3 հազար մարդ։ Առաջարկին աջակցել է հարցման մասնակիցների 96 տոկոսը։ 2 տոկոսը դեմ է արտահայտվել արգելքին, եւս 2 տոկոսը ընտրել է «միունույն է» տարբերակը։
Մինչ այդ Պետդումայի փոխխոսնակ եւ միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան տեղեկացրել էր, որ օրինագիծը պատրաստ կլինի ներկայացվելու խորհրդարանի ստորին պալատին նոյեմբերի 18-24-ին։