Foto

Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, վերաբերվում է սահմանազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը:

Աբրահամյանի խոսքով` գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումներ իրականացնելու համար:

«Մինչև այս պահը տրամաբանություն և սկզբունք չի գործել ու պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ:
Նույն ձևով էլ կանոնակարգն է մշակվել և համապատասխանեցվել Ադրբեջանի հետաքրքրություններին:

Ադրբեջանը 2021-23 թթ.-ի ընթացքում ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել մեծ թվով տարածքներ և տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր այդ ուղղություններով սահմանազատման հարցը:

Սակայն Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ այդ տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել և գործընթացը շարունակում է տանել ըստ իր առաջնահերթությունների»,- Facebook-ում գրել է պատգամավորը։