«Ինչ
վերաբերում է պատմությանը՝
ես իմ խոսքում հնչեցրել, եմ, որ
մենք սա դիտարկում ենք իբրև փորձարկում։ Եթե մենք խոսում ենք մասնագիտական կողմնորոշման
անհրաժեշտության մասին, դա ենթադրում է, որ դպրոցում պետք է տարբեր առարկաներ լինեն:
Մենք ունենք դպրոցներ, որտեղ գրաբար են անցնում, գծագրություն են անցնում, արհեստական
բանականության դասընթաց ենք ներդնում: Սա նշանակում է, որ առարկաները բազմազան են դառնալու:
Հետևաբար, մեկ դասագրքին կառչած մնալը որևէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը:
Մենք փորձում ենք այս տարի Պատմություն դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել
մեր ուսուցիչներին»,- քիչ առաջ Աժ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԿԳՄՍ նախարար
ժաննա Անդրեասյանը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Vesti.am-ի հետ զրույցում
ասաց, որ, փորձարկում ասելով՝ նախարարը հավանաբար նկատի ունի այն, որ այս պահին 10–րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայի դասագիրք
չկա և ուսուցիչները նյութերով են աշխատում։
«Հայոց պատմությունը», որպես փորձարկման առարկա, վերցվել է ստիպված, քանի որ 10-րդ դասարանում դասագիր չկա։ Դասագրքի չլինելու մեջ շատ մեծ մինուսներ կան։ Նախ նախարարությունը պարտավոր էր դասագիրք երաշխավորել։ Դասագիրքը պարտադիր պետք է լինի, քանի որ աշակերտի ձեռքի տակ պետք է նյութեր լինեն։ Իհարկե, ցանկալի է, որ ուսուցիչն այլ նյութեր էլ օգտագործի և կառչած չմնա դասագրքից, բայց չենք էլ կարող ուսուցիչներից շատ բան պահանջել, քանի որ իրենց աշխատավարձն այդքան չէ, որ իրենք նյութեր ստեղծեն, հավաքեն։ Ի վերջո մենք ունեք սկսնակ ուսուցիչներ, ովքեր չեն կարող նյութեր ունենալ։ Հիմա, ստիպված, 10-րդ դասարանում նյութեր են տալիս ուսուցիչներին և նրանք այդ նյութերով պիտի պարապեն: Հարց է առաջանում՝ եթե ուսուցիչն ուզում է աշակերտին նյութեր տա,, ինչո՞վ տա։ Պիտի պատճենի, իսկ այդ պատճենի գումարն ո՞վ պետք է տա։ Մենք դեռ չենք հասել այն վիճակին՝ արտասահմանյան դպրոցների նման, որ բոլոր դպրոցներում պատճենահանող սարքեր լինեն և ով որքան ցանկանում է՝ կարող է պատճենել։ Մեր դպրոցները դեռ այդ շքեղությունը չունեն։ Ենթադրենք՝ ուսուցչին լավ նյութ տվեցին, բայց երեխայի ձեռքին պիտի նյութ լինի, որով պետք է աշխատի։ Համալսարնում գուցե հնարավոր լինի, բայց սա դպրոց է և դասագիրք պիտի լինի, չպետք է փորձենք համոզել, որ ինչ լավ է՝ դասագիրք չկա»,- Vesti.am-ի հետ զրույցում բացատրեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։









