Foto

Վրաստանի նախագահն արձագանքել է ԶԼՄ տեղեկություններին ադրբեջանաբնակ շրջաններում ընտրաթերթիկների լցոնման մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Մառնեուլի շրջանում ընտրաթերթիկների զանգվածային լցոնումների մասին՝ ամոթալի անվանելով էթնիկ փոքրամասնությունների օգտագործումը ընտրությունների կեղծման նպատակով, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«Ամոթ է, ամոթ եւ անբարո էթնիկ փոքրամասնությանն օգտագործելը ընտրությունները կեղծելու համար»,- գրել է Զուրաբիշվիլին Ֆեյսբուքի իր էջում։

Ընտրաթերթիկների լցոնումը տեղի է ունեցել թիվ 69 ընտրատեղամասում, Սադախլո գյուղում։ Հայտնի է, որ բնակչության մեծ մասը գյուղում ադրբեջանցիներ են։

Քվեարկությունն այժմ այնտեղ դադարեցված է։

Չնայած սոցցանցերում տարածվել են տեղի ունեցածի կադրերը, ԿԸՀ-ում կասկած են հայտնել տեղեկության հավաստիության հարցում։ Հանձնաժողովի ղեկավարը տեղի ունեցածն անվանել է «կառավարվող եւ մանիպուլյատիվ միջադեպ»։

Նա Մառնեուլի շրջանային հանձնաժողովին կոչ է արել շտապ նիստ գումարել, պարզել իրավիճակը եւ համապատասխան որոշում ընդունել։ Վրաստանի ՆԳՆ-ն փաստով քրեական գործ է սկսել։

Տեղի կազմակերպությունների դիտորդները տեղեկացրել են նաեւ այլ խախտումների մասին Քվեմո-Քարթլիում, դա այն շրջանն է, որտեղ խիտ բնակվում են վրացահայերն ու ադրբեջանցիները։ Օրինակ, Մառնեուլում ծեծել են «Իմ ձայնը» պլատֆորմի դիտորդին։