Foto

Կրիպտոակտիվներ հայտարարագրելը ցանկալի է, ինչպես արդեն պարտադիր է ԱՄՆ-ում․ Հրաչյա Դանիելյան

ՆԳՆ-ն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի կրիպտոակտիվի հետ գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս և կիրպտոակտիվին վերաբերող այլ հարցեր Vesti.am-ն ուղղել է տնտեսական գիտությունների թեկնածու, աշխարհում կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու «Խորհրդավոր Կրիպտոաշխարհ» գրքի հեղինակ Հրաչյա Դանիելյանին։

 

-          Պարո՛ն Դանիելյան ՆԳՆ-ն առաջարկում է 2026թ-ի հունվարի 1-ից կրիպտոարժույթների հետ կապված բոլոր գործարքներն իրականացնել անկանխիկ։ Ինչպե՞ս էին իրականացվում դրանք մինչ հիմա։

-          Անկանխիկ եղանակով նույնպես կատարվում էին, կանխիկով (մինչև 300.000 ՀՀ դրամ) նույնպես կարելի է: Կրիպտոակտիվների մասով սահմանված առանձնահատկություն դեռևս չկա:

-          Բանկային ոլորտը կրիպտոգործարքներում ներառելն ի՞նչ ռիսկեր է ենթադրում։

-          Միջազգային վիճակակգրությամբ՝ բանկերի միջոցով ավելի շատ ռիսկային գործարքներ են կատարվում, քան կրիպտոակտիվներով: Եթե կրիպտոակտիվները ինտեգրվեն և կատարվի որոշակի դասական և ոչ դասական համակարգերի (բանկերի և կրիպտոակտիվների) սինխրոնացում, ապա կրիպտոակտիվները կկորցնեն իրենց էֆֆեկիվությունը և չեն դառնա երկրորդ ամենատարածված վճարամիջոց, և մենք չենք օգտվի դրանց բազում առանձնահատկություններից, որոնք ընդունում են գրագետ տնտեսագետները:

-          Օրենսդրական նախաձեռնությունում ռիսկեր տեսնո՞ւմ եք։ Դրական և բացասական ի՞նչ նկատառումներ ունեք։

-          Օրենսդրական նախաձեռնությունում դրականն էլ կա, բացասականն էլ: Դրականը այն է, որ որոշակի կարգավորումները կօգնեն ոլորտը մտցնել հարկային դաշտ, կսահմանվի կրիտպտոակտիվների համար հարկատեսակ, կգործարկվի շահառուների պատշաճ նույնականացում, ինչը կնվազեցնի ստվերային գործարքների թիվը: Բացասականն այն է, որ անկանխիկ եղանակով գործարքները շատ դեպքերում կհակասեն կրիպտոակտիվների շահագործման սկզբունքներին. ապակենտրոնացված համակարգը չի կարելի սարքել կենտրոնացված: Միջազգային փորձը թույլ է տալիս գնալ ավելի արդյունավետ ճանապարհով՝ ոլորտից առավելագույն օգուտ քաղելու  համար:

-          Ինչպե՞ս կարող է հարկվել կրիպտոարժույթը, եթե այն տատանվող է և անկայուն։

-          Առկա են և հիմնականում շրջանառվում են "ստաբիլ կրիպտոակտիվները"(Stable coin) ինչպիսիք են՝ USDT(Tether), USDC, DAI և այլն: Նրանց փոխարժեքը չի տատանվում:Կարծում եմ, որ պետք է հարկվի եկամտահարկով՝ գործարքներից ստացված եկամտից:

-          Կրիպտոակտիվներն ի՞նչ տարածում ունեն Հայաստանում և ինչպե՞ս է հնարավոր այն ներառել համընդհանուր հայտարարագրերում։ Հետևաբար՝ վերահսկելի դարձնել։

-          Տարածվածությունը մեր հայրենիքում մեծանում է անընդհատ, քանի որ շատ օնլայն արտասահմանյան ծառայությունների դիմաց ավելի հարմար է վճարել տարբեր կրիպտոակտիվներով, նաև մեծացել է ոլորտի նկատմամբ վստահությունն ու գրագիտությունը, այլևս չեն վերաբերվում որպես անհայտ երևույթի: Կրիպտոակտիվներ հայտարարագրելը ցանկալի է, ինչպես արդեն պարտադիր է ԱՄՆ-ում՝ օրենքի պահանջով: Հայաստանը կարծես գնում է նույն ճանապարհով:

-          Կրիպտոարժւյթներն ընկալվում են որպես սև գումարներ: Ի՞նչ են հուշում Ձեր վերլուծություները, ինչպե՞ս կարելի է այն բերել օրինական դաշտ, հարկման ի՞նչ մեխանիզմներ կառաջարկեք։

-          Դա թյուրըմբռնում է և անգրագիտությանից առաջացած չհիմնավորված կարծիք է, չկա նման բան, կրկպտոակտիվներով ավելի քիչ է հանցագործությունների և սև փողերի թիվը, քան բանկերով: Օրինական դաշտ բերելու համար պետք է ուժանինները համագործակցեն տնտեսվարողների հետ, դրա մասին բազմիցս եմ նշել: Միայն թեորիաներից և համացանցից վերցրած ինֆորմացիան կիրառելով՝ փորձել այն կարգավորել, կնշանակի սովորել ձի քշել համացանցով և միանգամից մասնակցել ձիավարության մրցարշավի և հետո զարմանալ, որ չստացվեց:

Հեղինակ: Աննա Ավետիսյան