2019-ի համեմատությամբ հանցագործությունների
թիվն աճել է 51.4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 58.3 տոկոսով:
Սրանք զուտ թվեր չեն, սա յուրաքանչյուրիս
կյանքին, մեր զավակների ու ծնողների ամենօրյա անվտանգությանը սպառնացող վիճակագրություն
է, որին անտարբեր մնալ չի կարելի: Թե ի՞նչ գնահատական կտրվի ներքին գործերի նախարարությանն
ու նրա ղեկավարին, դա այլ հարց է ու լուծվում է «քավոր-խնամի-ծանոթ» սխեմայով: Բայց
նաև պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այդպես եղավ, ի՞նչ կատարվեց, որ Հայաստանը վերածվեց
կրիմինալի որջի: 2019 թվականից իրավապահ համակարգում «բարեփոխումներ» են գնում. է՛լ
պարեկային ծառայություն հիմնեցին ու մինչև կոճակը նոր հանդերձանք ու տեխնիկա տրամադրեցին,
է՛լ համայնքային ոստիկանություններ հիմնեցի, է՛լ նախարարություն ստեղծեցին, ի՞նչ ասես,
որ չարեցին, բայց դրական արդյունք չկա:
Պատճառներից ամենակարևորը
ոչ թե պարեկների տգիտությունն է կամ իրավապահ համակարգի սխալ բարեփոխումները, այլ ոլորտի
նկատմամբ իրական ուշադրության բացակայությունը, եթե կուզեք՝ դրա նկատմամբ քաղաքական
կամքի բացակայությունը:
Իր սեփական անձի, ընտանիքի
ու նեղ շրջապատի անվտանգությունը պահելու մարմաջով տառապող Փաշինյանն ավելի լավ միջոց
չունի, քան իշխանության պահպանումը: Դրա ամենալեգալ միջոցը ոստիկանությունն է, մանավանդ
որ պահվում է պետբյուջեի հաշվին: Ոստիկանության բարեփոխումները նկատելի են բացառապես
քանակի մեծացմամբ, բայց դա ոչ թե հանցավորության դեմ պայքարի համար է, այլ՝ Փաշինյանի
իշխանությունը պահելու: Ոստիկանությունը Փաշինյանի իշխանության համար նաև կայուն ընտրազանգված
է: Ոստիկանությունում դա շատ արագ հասկացել են և իրական ջանքերն ուղղել են հենց Փաշինյանի
անձի անվտանգության ուղղությամբ: Մանավադ, որ դրա դիմաց պարգևավճարներ էլ են ստանում:
Մեկ այլ խնդիր է ընտրովի արդարադատությունը:
Երբ Նիկոլ Փաշինյանը «վնգստացրեց» դատական համակարգը, երբ կալանքը դարձավ քաղաքական
հետապնդումների և պատժի միջոց, քաղաքացուն այլ բան չմնաց՝ քան սեփական խնդիրներն ինքնուրույն
լուծելը, դրա համար քրեական տարատեսակ հեղինակություններին դիմելը կամ ինքնադատաստանը:
Ահա թե որտեղից հանցագործությունների աճը, և ահա թե ինչու ոստիկանությունը չի կարողանում
դրա դեմ պատշաճ պայքարել:
Այս ամենը նաև ձեռնտու է իշխանություններին,
որովհետև դա իրենցից դիստանցավորում է քաղաքացուն, նվազեցնում է իշխանությունների նկատմամբ
սպասելիքները: Միաժամանակ, հնարավորություն է տալիս ավելի շատ տուգանքներ կորզել, ավելի
շատ ահաբեկել ու խլացնել համընդհանուր բողոքի ձայները:
Այնպես որ՝ Վահե Ղազարյանն,
այդ ցուցանիշների համար, կարող է նաև խրախուսվել: