Foto

Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան

Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։ 

«Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։

«Այստեղ մեզ մոտ շենքերն իրենց նկուղներում ունեն ապաստարաններ։ Հենց նոր ենք դուրս եկել։ Կան մարդիկ, ովքեր դեռ աշխատավայրերում են, դեռ չեն հասցրել մտնել ապաստարաններ։ Կինս և աղջիկս մինչև հիմա տուն չեն հասել, թեև կապվել եմ նրանց հետ, նրանց վտանգ չի սպառնում։ Արդեն իսկ հակաօդային պաշտպանության ծառայությունից ստացանք տեղեկատվություն, որ կարող ենք դուրս գալ ապաստարաններից»,- ասաց Չերնամորյանը։