«Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր
առաջնային խնդիրներից մեկը հետեւյալն է. հայի ետին խելքը բերել էականորեն առաջ»։ Վաղ
առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր ազգի թշնամիները միշտ սիրել են
զավեշտով խոսել հայի ետին խելքի մասին, ու, ըստ երևույթին, իզուր չէ նրանց կողմից
մեր ժողովրդի նկատմամբ այդ զավեշտալի վերաբերմունքը, որովհետև մեր ժողովուրդը միշտ
արթնանում է ու ճիշտ եզրահանգումներ է անում, երբ արդեն ուղղակի ուշ է լինում:
Եթե այդ ետին խելքը լիներ, գուցե 2018թ-ին, այդքան մեծ ոգևորությամբ Նիկոլին չբերեին։ 2018թ-ին, անկախ բազում ներքաղաքական և միջանձնային խնդիրներից, երկրում
տիրող այս կամ էական խնդիրներից, Հասայտանը դասվում էր ամենանվտանգ երկրների շարքին,
հայոց բանակն անպարտելի էր, Եռաբլուրն այդքան մեծ չէր, իսկ հասարակությունն
իրեն թույլ էր տալիս ուրախության պահին լիաթոք ժտալ։ Վաղուց այդ զգացումը չկա։ Բանակի
կենացը հպարտությամբ խմողները հիմա գլխկոր են,
տղերքը՝ ում կենացը խմում էին, հիմա Եռաբլուրն են ապրեցնում։
Ինչևէ․ հայի ետին խելքը վերականգնելն
այլևս այսօրվա իրականությունը չի փոխի, բայց վաղվա համար կարող է դաս լինել։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին հիմա պետք է արթնացնել մի բան,
որը տևական ժամանակ ինքն է քնեցրել։
Հասկանալու համար, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, այս միտքն արտահայտելով, Vesti.am-ն ընթերցողին հիշեցնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայի հետին խելքի առասպելը» հոդվածը, որը նա գրել է 2018թ-ին. «Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի»։
Փաշինյանը բաց շրջադարձ է կատարում դեպի իր քաղաքական կնքահայրը կամ նրա գաղափարաբանությանը: Տեր-Պետրոսյանը գրում է. «Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից,
մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ
հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն
է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր
է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք»:
Եթե կարծում եք, որ Փաշինյանը վերանայել է իր սխալները և հիմա կարող է «դարձի գալ», ապա հիշեք. արդյո՞ք նա մինչև հիմա ամեն ինչ չի՞ արել, որպեսզի «հաղթահարի զոհի հոգեբանությունը», օրինակ՝ նկարվի Էրդողանի գիրքը գրկած, կամ հայտարարի, որ «մենք մեզ պարտված չենք զգալու»: Արդյո՞ք «անցյալի բարդույթներից» ազատվելու համա՞ր չէ, որ փոխում է պատմության դասագրքերը, թե՞ պատահական է, որ ինքն ու իր թիմակիցները, ադրբեջանցիների հետ միաբերան, կրկնում են, որ Արցախը «պատմական բեռ» կամ «անցանկալի կապանք» էր, որը խանգարում էր հզորացնել «երկիրը», որի սահմանների ուրվագծով խաղաղություն է մուրում Ալիևից: Դեպի ո՞ր ապագան է նայում Նիկոլ Փաշինյանը, այն , որը երազել են ու որի համար զոհվել են մեր ժողովրդի արժանավոր զավակները, թե՞ այն ապագան, որը «Ապագա կա»-ն է և ներկայացվեց ՄԱԿ-ի ամբիոնից:
Այսուհանդերձ, իրապես հարց է առաջանում՝ հայն ունի՞ ետին խելք: Եթե այո, ապա հայ ժողովուրդն այս անգամ պետք է մերժի 2018-ը՝ իր վերջին մեղքը։