Foto

Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է առաջադրել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Նա նշել է, որ ձերբակալվածների «բոլոր իրավունքները պաշտպանված են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան»։

«Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:

2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի ՂուկասյանըԲակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:

Աղբյուրը՝ yerevan.today