2024 թվականին հրապարակվել է Մարդու
իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի
գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների
գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու
իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները,
որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս
շարքում մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։
Ըստ զեկույցում տրված գնահատականի՝
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում:
Ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը
լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական
գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության
բնագավառում իրականացվող գործունեության պատճառով:
Այս հեղինակավոր կառույցը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ նշում է, որ
ՀՀ-ում խախտվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները, իսկ ՀՀ օրենսդրությամբ
ՄԻՊ-ը քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար գործող կառույց է և ֆինասավորվում
է ՀՀ քաղաքցիների վճարած հարկերից։
Զեկույցում անդրադարձ չկա՝ թե ՄԻՊ-ին ֆինասավորելով՝ ի՞նչ արդյունք է ստանում ՀՀ
քաղաքացին: Պարբերաբար հայտարարությունները, թե Պաշտպանը կամ իր թիմը մասնակցել են այս
կամ իրադարձությանը, երգել են կամ պարել, գուցե նաև գրասենյակում որոշակի հյուրեր են
ընդունել, գործնականում ՀՀ քաղաքացուն ոչինչ չի տալիս։ Օրինակ՝ երբ երկրում իշխանության
հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ՄԻՊ աշխատակիցները որոշ բերման ենթարկվածների այցելում
են, բայց հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ ՄԻՊ աջակցությամբ որևէ մեկը չենթարկվի հետապնդման
կամ օրինակ վարչական պատասխանատվության։ ՀՀ-ում ամիսներ առաջ արձանագրվեց անձի խոշտանգման
դեպք, երբ վերջինս գտնվում էր պետության հսկողության տակ, ոստիկանների ուղեկցությամբ
(Սամվել Վարդանյանի գործը), սակայն ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, պարզապես խոսեց դեպքի
մասին, մտահոգություն հայտնեց և վերջ։ Նույնիսկ հրապարակավ պետական կառույցին հարց
չուղեց, թե այդ ինչպե՞ս է ստացում, որ ՀՀ-ն չի կարողանում ապահովել ձերբակալվածի պաշտպանությունը։
Հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց մեծ թվով քաղաքացիներ վիրավորվեցին ոստիկանների կիրառած
հատուկ միջոցներից՝ քաղաքացին, կորցնելով ձեռքը, ձեռք բերեց հաշմանդամություն։ Այստեղ
ևս Պաշտպանը չարձագանքեց իրողությանը։
Շարքը կարելի շարունակել շատ երկար, բայց հեղինակավոր կազմակերպության զեկույցը կարծես տվել է շատ հարցերի պատասխաններ՝ ՄԻՊ-ը ՀՀ-ում ենթարկվում ճնշումների և պաշտպանված չէ։ Իրապես, ինչպես կարող է երկրում ՄԻՊ-ը բացառել քաղբանտարկյալների գոյությունը, ոստիկանության բաժնում անչափասների նկատմամբ բռնությունը, փաստաբանների նկատմամբ ծեծն՝ իրենց գործունեություն իրականացնելիս, եթե սեփական իրավունքները չի կարողանում պաշտպանել, քաղաքական ճնշումներից չի կարողանում զերծ մնալ։ Մինչ այս իշխանության կողմից ՄԻՊ պաշտոնի ստանձնումը, իշխանության կողմից ճնշումների ֆոնին, ՀՀ ՄԻՊ-ը կարողացել է լինել իր բարձունքում, խոսել թե՛ ադրբեջանական ագրեսիայի, թե՛ ներքաղաքական խնդիրների մասին՝ պաշտպանելով սեփական իրավունքները։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունը յուրացրել է անկախ կառույց համարվող ՄԻՊ իստիտունտը և, բնականաբար, այստեղ ևս ստեղծել է կառավարման կոլապս՝ ինչպես մույս ոլորտներում։









