Միացյալ
Նահանգները կտրուկ ակտիվացրել է իր գործունեությունը Հարավային Կովկասում,
ցանկանում է հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպել, հնարավորության դեպքում՝ խաղաղության պայմանագիր կամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել տալ։ ԱՄՆ Պետդեպի խոսնակ
Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, թե Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է
փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։ Միլլերը
շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի ջանքերին՝ կայուն և
արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«Նրանք
զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման
ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, այդ թվում՝
հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար է»,-ասել է Միլլերը։
Պետդեպի խոսնակի հայտարարությունը հաջորդել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևին հեռախոսազրույցին։ Բլինքենը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու կարևորությունը, ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։ Իլհամ Ալիևն, իր հերթինդրական է որակել դա՝ հավելելով, որ սահմանազատման գործընթացն իրականացվելու է կանոնակարգի հիման վրա։
Օրեր
առաջ էլ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։
Ադրբեջանը,
սակայն, մտադիր չէ որևէ փաստաթուղթ ստորագրել։ Ալիևը հեռախոսազրույցում կրկին
պնդել է ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությունը։ Տպավորություն է, որ
Բաքուն ամեն ջանք գործադրում է՝ ԿՕՊ 29 գագաթնաժողովը «հորով-մորով» անելու, որից
հետո այլևս խաղաղասիրական հայտարարությունների կարիքը չի լինելու։ Իսկ Արևմուտքը,
կարծես, բնավ ցանկություն չունի զսպելու Ադրբեջանին, փոխարենը «բուռն գործունեության
իմիտացիայով» է զբաղված։









