Foto

Իրանում հայտարարել են՝ Արևմուտքը պատասխանատվության կենթարկվի Գազայի հատվածում հակամարտության սրման համար

Եթե Իսրայելի արևմտյան դաշնակիցները չնպաստեն  դեէսկալացիային Գազայի հատվածում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ որպես Իսրայելի հանցակիցներ,  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Եթե ​​Թել Ավիվի արևմտյան դաշնակիցները չնպաստեն Գազայի հատվածում լարվածության թուլացմանը և ռեժիմի  (նկատի ունի Իսրայելին-խմբ․) կողմից հանցավոր արարքների իրագործմանը, ապա նրանք կհամարվեն մեղսակից և պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Իրանի արտգործնախարարը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

Աբբաս Արաղչին հավելել է, որ  Իսրայելը իր  գործողություններով փորձում է տարածաշրջանում լարվածության մակարդակը հասցնել վտանգավոր եզրագծի։

Նշենք, որ օգոստոսի 28-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարել է, որ «հակաահաբեկչական գործողություն» է սկսել Ջենին և Թուլկարմ քաղաքների շրջակայքում և հարակից տարածքներում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներում, ինչը Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային հատվածում է։ WAFA գործակալության տվյալներով՝ իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով այդ տարածքում զոհվել է առնվազն 25 մարդ։