Ընդդիմադիր հայացքեր ունեցող դասախոսները զրկվում են մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 16 տարի դասավանդելուց հետո այս տարի առաջին անգամ զրկվել է Մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։
Նա մասնավորապես գրել է. «ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է ինձ հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր և ազատել է ինձ աշխատանքից․ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու։
Ես համարում եմ, որ տեղի է ունեցել անարդարություն, ուստի հայտարարում եմ, որ չեմ համակերպվելու։ Մայր բուհն իմ ինքնության առանցքներից մեկն է։ Ես պայքարելու եմ որակյալ, արդիական և արժեքահենք կրթություն ու հետազոտություն ապահովող ԵՊՀ ունենալու համար։
Եվ ես վերադառնալու եմ․․․»
ԵՊՀ-ում կրճատվել են նաև Խաչիկ Գալստյանի դասաժամերը։
Նա մասնավորապես գրել է, որ այս տարի մայր բուհի դռները կիսով չափ փակվել են իր առջև։
«Առանց որևէ հոդաբաշխ խոսքի կամ բացատրության, ինձ զրկել են քաղաքագիտության 1-ին և հանրային կառավարման 3-րդ կուրսում դասավանդման հնարավորությունից։
Շնորհավորում եմ ԵՊՀ հատկապես այս բաժինների ուսանողներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Չնայած իմ շատ սիրելի համալսարանը փորձում են վերածել «ժողովրդավարության ծովի» ամբողջատիրական կղզյակի, որտեղ խրախուսվում է կոմֆորմիզմն ու հարմարվողականությունը, և ընդհակառակը` հալածվում է ազատ խոսքն ու սահմանափակվում է ակադեմիական ազատությունը, ես էլ որոշել եմ էլ ավելի շատ հրապարակային բարձրաձայնել ազատ խոսքի իմ իրավունքը»։









