Պետեկամուտների
կոմիտեի նախագահը հերքում է տարածված տեղեկությունները, թե աղմուկ հանած
օրենսդրական նախաձեռնությունը գործարարներին կալանավորելու մասին չէ, այլ հարկային
կարգապահությունը բարձրացնելու նպատակ ունի։
«Սուտ
է պնդումը, թե ՊԵԿ-ն ուզում է տարեկան հազար գործարարի կալանավորել»,- նշել է ՊԵԿ
նախագահ Ռուստամ Բադասյանը։
Խոսելով
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի
մասին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն գործարարներին կալանավորելու մասին չէ,
այլ նպատակ ունի բարձրացնելու հարկային կարգապահությունը, ինչը կնպաստի
տնտեսության զարգացմանն ու կայունացմանը:
Օրերս
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը մեղադրել էր
պետեկամուտների կոմիտեին հարկային տեռորի և հակատնտեսական կոշտ քաղաքականություն
վարելու մեջ։ Ըստ Միրաքյանի, ՊԵԿ-ի նախաձեռնած օրենսդրական առաջարկի հետևանքով
ամեն տարի մոտ հազար գործարար կարող է հայտնվել բանտում, իսկ դա նշանակում է խաչ
քաշել բիզնեսի վրա։ Խոսքը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի մասին է, որը 4-8
տարվա ազատազրկմամբ է սպառնում 10 միլիոն դրամ և ավելի խախտման դեպքում, նույնիսկ
եթե գործարարը վճարում է հայտնաբերված խախտման գումարը։ Վահրամ Միրաքյանի խոսքով՝
Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ՊԵԿ-ը անկանխատեսելի է դարձրել, քանի որ
ամեն րոպե գործարարին կարող են կալանավորել, և շատերն արդեն մտածում են ներդրում
անել երկրից դուրս։
ՊԵԿ
նախագահը նշում է, թե նախագիծը որևէ առնչություն չունի կալանքի հետ։ Նա նկատել է,
թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տվյալներով քննվող մոտ 1000 գործից
5 տոկոսից էլ պակաս դեպքերում է ներկայացվել կալանքի միջնորդություն, իսկ
դատարանների կողմից բավարարվել է ավելի քիչ քանակով գործ, ինչն անհամեմատ ավելի
քիչ է ընդհանուր գործերի քանակից: Դրանք էլ ակնհայտ քրեական տարրեր պարունակող
հարկերից խուսափելու դիտավորյալ դեպքերն են, օրինակ, ավելացված արժեքի հարկի
խարդախության դեպքերը: Ռուստամ Բադասյանը նկատում է, թե պետք է զգույշ լինել
կալանքի մասին խոսելիս՝ ընդգծելով, որ կալանքը խափանման միջոց է, և կոմիտեն ոչինչ
չի խստացնում հարկային վարչարարության մասով: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է
հարկային կարգապահությունը, ինչ տեսակի պետություն ենք ուզում ունենալ։
Պետությունից գողանալը նորմա՞լ է, թե՞ ուզում ես ունենալ առողջ տնտեսություն։ Եթե
երկրորդը, հարկային կարգապահությունը պետք է պատշաճ լինի»,- նշել
է Բադասյանը։
Նրա
խոսքով, հսկայական ստվեր գոյություն ունի, և պետության պարտքն է՝ պայքարել ստվերի
դեմ, իսկ այդ հարցում համագործակցելու են բիզնեսի, գործարար ակումբների հետ։