Foto

Իրանում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 8 հատուկջոկատային․ հրկիզվել են տասնյակ շենքեր

Վերջին զանգվածային անկարգությունները Իրանում հանգեցրել են իրավապահ մարմինների հրամանատարության (ՖԱՐԱՋԱ) հատուկ ստորաբաժանման ութ զինծառայողների մահվանը, հայտնում է Tasnim-ը։

ՖԱՐԱՋԱ-ի հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Մասուդ Մոսադդիքը հայտնել է, որ անվտանգության ուժերի ութ աշխատակիցներ սպանվել են հունվարի 8-ին և 9-ին՝ տարբեր քաղաքներում անկարգությունների ճնշման գործողությունների ընթացքում։

Գեներալ Մոսադդիքի վկայությամբ, զինծառայողները զոհվել են այն ժամանակ, երբ ամբոխը հարձակվել է նրանց վրա՝ կրակ բացելով իրավապահների ուղղությամբ տարբեր տեսակի զենքերից։

Անվտանգության մարմինների մի շարք աղբյուրներ հայտնել են, որ այս պահին երկրում ձերբակալվել է «ահաբեկչական խմբավորումների» մոտ 200 ղեկավար և օպերատիվ պատասխանատու։ Անկարգությունների մասնակիցներից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք, զենք, նռնակներ և շշեր՝ լցված այրող խառնուրդով։

Թեհրանի հրշեջ ծառայության պետ Քոդրաթոլլա Մոհամադին հայտնել է, որ զինված խռովարարները հրդեհել են 26 տուն և հրկիզել 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 կառավարական շենք և 50 տրանսպորտային միջոց, ներառյալ պետական ծառայությունների ավտոմեքենաներ։

Վերջին օրերին դաժան ապստամբները, որոնք հանդես են գալիս միապետության օգտին, վանդալիզմի գործողություններ են իրականացրել պետական և մասնավոր օբյեկտների նկատմամբ Իրանի մի շարք քաղաքներում՝ սպանելով մի քանի խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի աշխատակիցների՝ մյուսներին պատճառելով վնասվածքներ, գրում է իրանական լրատվամիջոցը։