«Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման,
այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար
տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև, եթե
էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,- Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մետրոյի
«Աջափնյակ» կայարանի կառուցմանը, նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մետրոյի «Աջափնյակ»
կայարանի կառուցումը երկարատև գործընթաց է լինելու, նախնական գնահատումով՝ մինչև
2030, 2031, 2032 թվականներ: Շինարարության մեկնարկը կարող է տրվել 2026-ից, և դեռ շատ
բան կախված է ֆինանսավորման աղբյուրից»,- ասել է նա:
Ողջունելի է, որ քաղաքային իշխանությունը հիշում
է դեռ 2018թ-ի նախընտրական խոստման մասին, սակայն ողջամիտ տրամաբանությունը և ամբողջ
աշխարհում գործող պրակտիկան հուշում է այն մասին, որ նախընտրական խոստումներն իրականացվում
են՝ պաշտոնավարման ընթացքում։ 2018թ-ից ի վեր մի շարք պատճառներ բերվեցին, թե ինչո՞ւ
չկառուցվեց մետրոյի նոր կայարանը և, իհարկե, Երևանի ճոպանուղին։ Վերջինիս մասին, կարծես
թե, մոռացան, իսկ մետրոյի նոր կայարանի հարցը դեռ ակտուալ է՝ բնակիչներն ու ընդդիմադիրները
պարբերաբար հիշեցնում են։
Ավինյանը քաղաքապետ է դարձել 2023թ-ի սեպտեմբերին, ուստի պաշտոնավարելու է միչև 2027թվականը, եթե արտահերթ ընտրությունների հարց առաջ չգա, սակյան 2032թ-ի համար խոստում է շռայլում։ Սա հակասում է քաղաքական ցանկացած առողջ գործընթացի։ Այսինքն՝ իրենց այս կերպ ազատում են պատասխանատվությունից, իսկ հետո էլ, երբ իշխանություն փոխվի, կհայտարարեն, որ նորերն են մեղավոր, որ չշարունակեցին, ավարտին չհասցրին։ Հիմա էլ նորերին են մեղավոր դարձնելու, իսկ իրենք, սին խոստումներով, շարունակելու են պաշտոններ զբաղեցնել, քանի դեռ կարողանում են։
Այդ նույն տրամաբանությամբ,
առանց նույնիսկ մոտակա ժամակետ նշելու՝ Ավինյանը հայտարարում է, որ Նորագյուղ թաղամասը
կվերակռուցվի և կդառնա Երևանի նոր կենտրոնը և այլն։ Սա այն դեպքում, երբ ներկայիս կետրոնում, ամիսներ շարունակ, անձրևաջրերի խնդիրն անգամ չի լուծվում։
Ավինյանի քաղաքական
թիմի ղեկավարն էլ խոսում է 2050, 2060թթ-ին մի շարք ծրագրեր ավարտելու մասին, այն դեպքում,
երբ 2020թ-ից հետո ամեն տարի հայտարարում է, որ միչև տարեվերջ այսպես կոչված «խաղաղության
պայմանագիր» ենք կնքելու և այլն։ Այսպես՝ չստացված ծրագրերի իրենց ապաշնորհության մեջ, ներկայիս իշխանությունը մեղադրանքներ է պատրաստում երկրի ապագա իշխանության համար։









