Foto

Սյունիքը դառնում է մի նոր Բոսֆոր ու Դարդանել

Աշխարհաքաղաքականության մեծ գիտակ կամ միջազգային հզոր վերլուծաբան լինել պետք չի, որպեսզի հասկանանք, թե ներկայումս ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, որտեղ բախվում են համաշխարհային բևեռների ուղղակի շահերը։ Ինչքան էլ ցավոտ լինի սրա մասին խոսելը, սակայն Հայաստանն այսօր աշխարհաքաղաքականության կիզակետում է և ամեն ինչ ուղղակիորեն կախված է արտաքին միջավայրից, որն էլ աստիճանաբար սեղմում է մեր շուրջը գոյություն ունեցող օղակը։

Ստեղծված տուրբուլենտության հիմնական կլումինացիան և հանգուցալուծումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, ավելի կոնկրետ՝ միջանցքի վերահսկողության հարցը։ Արևմուտքն ամեն ինչ անում է՝ այնտեղ սեփական վերահսկողությունն ունենալու համար, իսկ դրան դեմ է ՌԴ-ն, ինչպես նաև Իրանը։ Թեման՝ վերահսկողության կազմակերպումն է, երբ արդեն որոշակիանա, թե իրականում ինչպես է դա տեղի ունենալու և, ամենակարևորը՝ ում կողմից, ամեն ինչ մի քանի քայլանոց կոմբինացիայով կյանքի է կոչվելու։

«Զանգեզուրի միջանցքի» թեման լինելու է այն հաջորդ և անկյունաքարային պահանջը, որն Ալիևի կողմից  դրվելու է Նիկոլ Փաշինյանի առջև:  Օրերս, Սյունիք կատարած  այցի ժամանակ, Փաշինյանը չէր բացառել, որ Տավուշից հետո սահմանագծման հաջորդ աշխատանքները կարող են տեղի ունենալ Սյունիքի մարզում։ Ասել է թե՝ հաջորդ փաթեթով մենք ականատես ենք լինելու Սյունիքում սահմանների հստակեցման գործընթացին։

Առաջին հայացքից թվում է, թե սահմանագծումը դյուրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդվելով խորհրդային քարտեզներով, բայց, ինչպես այս մասին բարձրաձայնում էին մի շարք ոլորտային մասնագետներ, դա երկար ժամանակ է պահանջելու։  Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունների միջև տեղի ուենցող սահամանագծման գործընթացները տևել են տարիներ, որոշ դեպքերում  անգամ տասնամյակներ։

Ըստ էության, Տավուշում ընթացող գործընթացների հիմքն ու տրամբանությունը բավական անհասկանալի է, քանի որ այդ առիթով ոչ մի հոդաբաշխ ու տրամաբանված մեկնաբանություն չներկայացվեց իշխանության ոչ մի ներկայացուցչի՝ այդ թվում անձամբ Փաշինյանի կողմից։ Նման հարցադրումների դեպքում նա տալիս էր անատամ ու անբովանդակ, ոչ մի կապակցված միտք չունեցող պատասխաններ, որոնք փաստացի ոչ մի կոնկրետություն չեն ներկայացնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

Եթե Սյունիքում տեղի է ունենա սահմանագծման այնպիսի գործընթաց, որին ականատես եղանք Տավուշում, ապա հասարակ տրամաբանությունը հուշում է, որ կարճ ժամանակ հետո, այլևս չենք ունենալու սուվերեն Հայաստան ու Հայաստանի ինքնուրույն տարածք՝ ամբողջը կախված է լինելու որևէ կենտրոնից։։ Ավելին, նման վարքագծի հետագա դրսևորումը հանգեցնելու է նրան, որ նախկինում եղած ճանապարհները չենք ունենալու այլևս։

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետը դառնա Հայաստանը՝ իսկ ավելի կոնկերտ՝ Սյունիքը, որտեղ հանգուցալուծվում են գրեթե բոլոր բևեռների վեկտորներն ու շահերը։ Դա է պատճառը, որ տարբեր կենտրոններից շտապում են իրենց ներկայացուցչությունն ունենալ Սյունիքում ամենատարբեր կոնֆիգուրացիաներով, քանի որ հստակ գիտակցում են, որ այդ հանգույցն առաջիկայում դանռալու է մի նոր Բոսֆոր ու Դարդանել։

Վերջում հավելենք, որ այս օրերին դարձյալ ակտիվացել են հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Այս շտապողականությունը ոչ մի կերպ չի բխում ՀՀ շահերից, քանի որ ոտքի վրա ընդունված որոշումները հերթական անգամ բոլորիս կանգնեցնելու են ֆիասկոյի առաջ։

Արմեն Հովասափյան