Ժողովրդավարությունը Հայաստանում
նույնն է, ինչ նավահանգիստը՝ Սահարայում: Ով ունի քաղաքկան կամք և անաչառություն, սա
տեսնում է, և կապ չունի՝ Հայաստանում է ապրում,
թե դրսերից «ողջունում» է Փաշինյանի «բաստիոնը», որովհետև այն, ինչը ներկայացվում է
որպես ժողովրդավարություն, ոչ այլ ինչ է, քան իրականության «կացնային» նենգափոխում:
Օրինակ, Ժողովրդավարության
հայկական ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, թե «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների
արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում»: Նույն հաջողությամբ ես կարող եմ հայտարարել, որ Բոռնեո
կղզու նահանգապետն եմ, բայց քանի որ այդ պահին չկա մեկը, ով ուզում է լսել ճշմարտությունը
կամ հակաճառել, ինձ կծափահարեն, մրցանակներ կտան կամ կողջունեն՝ ինչպես իրական նահանգապետին:
Այստեղ նույնիսկ իրականությունը կարևոր չէ, այլ բառախաղը և փաստերի մանիպուլյացիան:
Այո, Հայաստանում ընտրությունների արդյունքներն առերևույթ չեն «նկարվում», բայց դրանք
հիմա ուղղակի առհամարվում են:
Վերցնենք տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունները: Ամենացայտուն օրինակը Երևանի ավագանու ընտրությունն էր,
որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց նվազագույն ձայներ հավաքած թեկնածուն, որովհետև
նրա շուրջ «ձևավորվեց» համանման մարգինալների ինչ-որ կոալիցիա:
Մյուս ակնառու օրինակը, որ
Հայաստանում ընտրությունների արդյունքներն ուղղակի ոչ մի նշանակություն չունեն, այն
է, որ ցանկացած ընտրված թեկնածու, եթե չի համապատասխանում իշխող քաղաքական թիմի քիմքին,
կա՛մ ենթարկվում է քրեական հետապնդման, կա՛մ հետընտրական պրոցեսներում այնպիսի ինտրիգներ
են կիրառվում, որ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ավագանու ընտրված անդամները
չեն կարողանում ազատ քվեարկել, նրանց ստիպում են քվեարկել այլ թեկնածուի օգտին և այլն:
Եթե ընդհանրացնենք, ապա գործ
ունենք ընտրական օրենսգրքի, դրա նախանշած գործընթացների թերության հետ, երբ քվեարկությունը
զուտ լեգալացնում է քվեարկությանը հաջորդող՝ կոնկրետ անձի ընտրությունը: Հենց դա է
պատճառը, որ՝ գալով իշխանության, Փաշինյանը խոստացավ փոխել ընտրական օրենսգիրքը, բայց
մինչև հիմա ընտրվում ու ընտրում է հնով:
Դիտարկենք նաև խորհրդարանական
ընտրությունների պարագան:
Խորհրդարանական ընտրությունների
ժամանակ քաղաքացին պետք է կողմնորշվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի
նախընտրական ծրագրով: Հայաստանում, 2018 թվականից հետո, դա կրում է առավել ձևական բնույթ,
քան երբևիցե եղել է: Փաշինյանի քաղաքական թիմը երկու անգամ (2018 և 2021 թթ) ընտրվել
է մի քաղաքական ծրագրով, բայց իրականացրել է տրամագծորեն հակառակ քաղաքականություն:
Ընդ որում, դա վերաբերվում է ծրագրի ոչ միայն արտաքին քաղաքական, այլև՝ ներքաղաքական,
սոցիալական և այլ բաղադրիչներին: Այսինքն քվեարկության արդյունքները կեղծելու խնդիր
արդեն չկա, որովհետև պոստֆակտում կարելի է կեղծել կամ փոխել դրանց բովանդակային բաղադրիչը,
նենգափոխել կամ այլ կերպ մեկնաբանել դրանք: Նիկոլ Փաշինյանը հենց դա է անում, երբ ցուցադրում
է միայն ընտրություններում հավաքած ձայների քանակը՝ որպես լեգիտիմության չափանիշ կամ
գործողությունների ինդուլգենցիա: Եվ երբ Փաշինյանը հայտարարում է, թե ընտրակեղծիքներն
արդեն անցյալում են, գործ ունենք հենց բառախաղի և փաստերի կամայական մեկնաբանության
հետ, որի մասին նշեցինք վերևում:
Այլ բան է, որ Փաշինյանի հավաքած
դահլիճում միայն նրանք են, ովքեր կա՛մ թելադրում և ողջունում են այդ գործելակերպը,
կա՛մ լուռ համաձայնվում են դրա հետ՝ կորպորատիվ կամ նոմենկլատուրային շարժառիթներով:
Ահա այսպիսի ժողովրդավարություն:









