«Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից կդառնա 70 000 դրամ»։ Համապատասխան որոշուման նախագիծը ներառված էր կառավարության ապրիլի 11-ի նիստում, որը քվերակության կդրվի հաջորդ նիստում։
Կրկին բարձրանում է ՆԳՆ ծառայողների աշխատավարձը,
որն արդեն իսկ բարձրերի շարքում է։ Ոստիկանությունը, 2018թ-ից ի վեր, հավանաբար ամենածախսատար ոլորտն է
պետության համար, նունիսկ գերազանցում է պաշտպանական բյուջեին։ Ոստիկանության մի քանի
ստորաբաժանումներ ավելացան, պետական պարտքի գնով ներդրվեց պարեկային ծառայությունը,
նրանց նոր մեքենաներ գնեցին, նոր համազգեստներ, նոր գույք՝ պլանշետներ, գերհագեցած և ժամանակակից տեխնիկաներ, նույնիսկ
էլեկտրական ինքնագլորներ (սամոկատ) և այլն։ Սակայն այս ամենի ֆոնին ունենք մի վիճակագրությունը,
որն այնքան էլ ոգևորիչ չէ։ Մասնավորապես՝ աճել են հանցագործությունների բոլոր
տեսակները՝ մայրաքաղաքի կետրոնում, գրեթե ամենօրյա ռեժիմով, մարտաֆիլմ հիշեցող կրակոցների
մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում և այլն։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023թ-ի արդյունքների ամփոփմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները: Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։ Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այստեղ
նաև քաղաքական խնդիր է տեսնում։
«ՆԳՆ, այսպես կոչված, բարեփոխումները
ոչ թե ուղղված էին ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլ նպատակը՝
ողջ ոստիկանությանը դարձնել իշխանության պահպանման բութ գործիք-թիկնապահ։ Պատահական
չէր, որ վարչապետ կոչեցյալը կառավարության նիստում հայտարարեց, որ պարեկ դառնալու համար
կրթություն ունենալ պարտադիր չէ։ Բարեփոխումների անվան տակ, շեշտակի ավելացավ ոստիկանության
թվաքանակը՝ Հայաստանը դարձնելով ոստիկանապետություն, հսկայական աշխատավարձերով և պարգևավճարներով։
Այսպիսով մենք ունեցանք ոստիկանության թվաքանակի աննախադեպ աճ՝ բարձր աշխատավարձերով, և, դրան համապատասխան, հանցագործությունների նույնպես աննախադեպ աճ։ Այդ ոստիկաններին ոչ միայն թույլ է տրվում, այլև
խրախուսվում է դաժանորեն ծեծել խաղաղ ցուցարարներին, ոստիկանականական բաժանմունքներում
խոշտանգել ինչպես կասկածյալներին, այնպես էլ
նրանց փաստաբաններին։ Նման բան չի եղել Հայաստանի ողջ պատմության ընթացքում»,- Vesti.am-ին
ասաց իրավապաշտպանը։
Այս չհուսադրող վիճակագրությունն ու
հանցագործությունների էական աճն էլ Իշխանյանը բացատրում է՝ մի քանի գործոն մեկտեղելով։
«Հանցագործությունների աճն, իմ համոզմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի
բոլոր իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են իրենց անմիջական պարտավորություններով, այն
է՝ կանխարգելել և բացահայտել հանցագործությունները, այլ կատարում են վարչապետ կոչեցյալի
քմահաճույքները։ Նկատի ունեմ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրանքների
առաջադրումը՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, նրանց դաժանորեն, ցուցադրական ձերբակալումները։
Հայաստանի ողջ իրավապահ համակարգը՝ ՆԳՆ, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ,
վերածվել են իշխանությանը սպասարկող կառույցների։ Չեմ բացառում չբացահայտված հանցագործությունների
ֆոնին նաև վենդետան։ Բացի այդ՝ քրեական աշխարհն էլ շատ լավ տեսնում է, որ իրավապահներն
իրենց բուն գործառույթը լավ չեն կատարում և ավելի ազատ են»,- նշեց իրավապաշտպանը։
Ամփոփելով՝ Իշխանյանն արձանագրեց, որ
Հայաստանը վերածվել է մի գավառական բռնապետական երկրի, որտեղ մի կողմից տեսնում ենք
իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից՝ անպաշտպան ժողովուրդ։