Foto

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն ունեն վերսկսելու սահմանազատման գործընթացը. ԱԳ փոխնախարար

Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ վերսկսելու սահմանազատման աշխատանքները, որոնք տևական ժամանակ է դադար էին ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքների վերսկսմանը։

«Այս պահին երկրները թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովների կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Երկու կողմերում էլ որոշակի տնային աշխատանք է կատարվում, հույս ունենք, որ առաջին նիստը չի ուշանա»։
Նա նաև ընդգծեց, որ սահմանազատման գործընթացի նպատակը բոլոր հարևանների հետ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա բոլոր սահմանների վերականգնումն է։

Հարցին, թե արդյոք ի պատասխան Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի՝ ՀՀ վարչապետի պատասխան այց նախատեսվո՞ւմ է՝ Կոստանյանը պատասխանեց, որ հստակ ժամկետներ չի կարող նշել, բայց տարվա ընթացքում փոխայցելությունները բավական ինտենսիվ են լինում։

Անդրադառնալով «Կովերի պարտեզում» տեղի ունեցող բախումներին և այնտեղ նմացած մեր հայրենակիցներին պաշտպանելուն՝ Կոստանյանն ասաց, որ խնդիրն ավելի խորն է քան, մեր քաղաքացիներին կամ մեր հայրենակիցների անվտանգությունը։

«Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի շուրջ խնդրով հետաքրքրված տարբեր երկրների, թե Արաբական երկրների, թե միջազգային այլ գործընկերների հետ հարաբերություններում, թե բազմակողմ հարթակներում բարձրաձայնում ենք խնդիրը։ Գործընթացի հենց սկզբից տեղյակ ենք եղել զարգացումներին ու հավաստիացնում եմ, որ խնդիրը մեր կողմից չի անտեսվել»։