Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական տուրքի դրույքաչափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծմամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման՝ գործող համակարգի կատարելագործում, պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Նախատեսվում են նաև տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար պետական տուրքի սահմանում, պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում՝ պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի համար, պետական տուրքի դրույքաչափերի սահմանում մաքսային փորձաքննությունների իրականացման համար, պետական տուրքից ազատման արտոնության սահմանում՝ տարանցման հայտարարագրի լրացման համար բավարար կազմով նախնական տեղեկատվություն ներկայացրած անձանց համար։ Նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, միատեսակ վարչարարության իրականացմանը։ Համաձայն մաքսային վիճակագրական տվյալների՝ 2023 թ. ընթացքում մաքսային մարմինների կողմից գրանցվել են թվով՝ 288895 ապրանքային հայտարարագրեր (ներմուծում, արտահանում), որոնց համար փաստացի գանձվել է 2,406 մլրդ ՀՀ դրամ պետական տուրք (առանց տրանսպորտային միջոցի հսկողության համար գանձվող պետական տուրքի)։ Եթե մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերի առաջարկվող դրույքաչափերը տարածենք նույն դիտարկվող ժամանակահատվածի նկատմամբ, ապա գրանցված թվով 288895 ապրանքային հայտարարագրերից կգանձվեր մոտ 2,372 մլրդ դրամ պետական տուրք։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական տուրքի գծով մաքսային ընդհանուր մուտքերը չեն նվազի, փոխարենը՝ կավելանան․հաշվելի գործարքների մասով կավելանա շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախագծով նախատեսվող՝ տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման, տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրման համար սահմանվող պետական տուրքի մասով։
Հավանություն է տրվել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Կամրագրվի իրավական նորմ, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը սահմանելու մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը։ Բացի այդ, կավելանա պետության կողմից ձեռբերվելիք մշակութային արժեքների գնման ժամկետը։ Արդյունքում՝ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը։