Foto

Ո՞վ է հավատում «խաղաղության օրակարգին»

<Մենք հավատում ենք խաղաղության օրակարգին, չենք շեղվում դրանից»։ Այս և նմանատիպ արտահայտություններ  կարելի է լսել վարչապետ Փաշինյանի գրեթե ամեն ելույթի ժամանակ՝ լինի դա տեղական մեդիայի, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցների և թե՛ պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Իսկ ի՞նչ է այդ «խաղաղության օրակարգը» և ի՞նչ տեսք կամ բովանդակություն ունի։ Ոչ ոք դա չի ասում, չի բացատրում, չի հիմանվորում։

Խաղաղության երազանքը, հավանաբար, գոյություն ունի մարդկության պատմության բոլոր փուլերում, բայց նույն պատմությունն ապացուցում է, որ այն պետք է վաստակել և պահպանել։ Եթե բառի շուրջ ձևավորում ես օրակարգ, ապա այն առնվազն պետք է սահմանի նաև նպատակ և դրան հասնելու որոշակի քայլերի հաջորդականություն։

Իսկ երբ նման օրակարգ է առաջ քաշում իշխանությունը, ապա հանրությանն առնվազն պետք է ներկայացնի նպատակը և դրան հասնելու միջոցները։ Ի վերջո քաղաքացին պետք է հասկանա ինքն՝ անձամբ, և իր հայրենիքն ինչ է զիջելու այդ օրակարգի ձևավորման համար, ո՞րն է դրա գինը և արդյո՞ք պատրաստ է այն վճարել։ Հայ հասարակությանը համոզել են, որ խաղաղությունը հնարավոր պատերազմի բացառումն է, իսկ փոքր էսկալացիաները, որոնց ընթացքում, օրինակ, 2-3 տասնյակ զոհ ենք ունենում բնական է և դա է խաղաղության գինը։ Այդ գինը  նաև ՀՀ 29 800 քառ․ կմ-ից օկուպացված մոտ 150 քառ․ կմ է։ Դա Սև լճի 20 տոկոսի համար չպայքարելն է, դա Կոավսականի, Սանասարի, Փառուխի և այլ բնակավայրերից նահանջն է, Արցախի հանձնումն ու հայաթափումը։ Դա սեփական արժանապատվությունը ֆիզիկական հնարավոր գոյությանը ստորադասելն է: Իսկ հայ մարդը պատրա՞ստ է դրան․․․ Եվ, ի վերջո,  խաղաղություն օրակարգը կամ վերջերս հնչեցված «խաղաղության խաչմերուկը» որքա՞ն ժամանակով են այդ խաղաղությունը երաշխավորում։

ԶԼՄ-ները մայրաքաղաքի փողոցներում հարցումներ  են անցկացնում, թե արդյո՞ք քաղաքացները հավատում են Փաշինյանի ասած «խաղաղության օրակարգին, խաղաղության խաչներուկին» և ամեն մեկը մի անորոշ պատասխան է հնչեցնում, թե չեն հավատում կամ հավատում են, բայց որևէ մեկը չգիտի այդ օրակարգն իր մեջ ինչ է ներառում։ Ամեն դեպքում չեն վստահում, որ դա հնարավոր է, քանի որ իրենց ասել էին՝ Արցախը տան, հանգիստ ապրելու են: Բայց հետո էլի զոհ և վիրավորներ, սահմանային լարվածություն և հնարավոր պատերազմի վտանգ, ինչպես նաև թշնամի երկրի ղեկավարից եկող ուղիղ սպառալիքներ։

Կա խաղաղության օրակարգ, որին ոչ մեկը չի տեսել, չգիտեն թե դա ի՞նչ է։ Հասարակությունը, մասնագիտական լայն շրջանակները, ընդդիմությունը, Սփյուռքը, ՀՀ ռազմավարական դաշնակիցները, թշնամիները, միջազգային հանրությունը, թերահավատ են, որ նման օրակարգը թեկուզ կարճաժամկետ կհաջողի, միայն ողջունում են նման հնարվորությունը և կոչ անում հավատարիմ մնալ դրան։ Ստացվում է,  Փաշինյանի ստեղծած օրակարգին միայն ինքն ու իր թիմն են հավատում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան