Foto

300 000 դրամանոց գործարք

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա 300․000 դրամ դրամական վճարի տրամադրումը երկարաձգել ևս երկու ամսով՝ նոյեմբեր-դեկտեմբերին: Այս վճարման համար կառավարությունը հատկացրեց 32.400.000 դրամ։ Առաջին հայացքին ողջունելի նախագիծ է՝ կառավարությունը անհետ կորած զինծառայողների հարազատների կողքին, հոգում է նրանց կարիքները։ Իսկ իշխանության ո՞ր կառույցն է հիմնավորել, որ այդ մարդիկ ֆինասական խնդիրներ ունեն և հենց նրանց է դրամական աջակցություն պետք։ Տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանը բացատրեց դեռ 2021թ-ի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ «գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի Բաքվի բանտերում մնալու համար»։ Իսկ վերընտրվելուց հետո այս թեզը մի փոքր խմբագրվել է։ ՔՊ-ական տարբեր պատգամավորներ մի քանի անգամ ասել էին, որ այդ տեղաները, եթե վերադառնան, հազիվ էլ կարողանան ամսական 300 000 դրամ  աշխատել, հիմա ծնողներն այդքան վճարվում են, թող հաշվեն, որ իրենց որդիները «խոպան» են գնացել։

Իհարկե, որոշ գերիների ծնողներ հանգիստ նստած չեն, ակցիաներ են անում, ինչ-որ ՀԿ-ներ են ստեղծում, անդամակցում են այս կամ այն կազմակերպությանը: Որոշներն  էլ Աննա Հակոբյանի հետ ինչ-որ ընթրիքների են մասնակցում, ուրախ երաժշտության տակ պարում են, Մարիամ Փաշինյանի վարած միջոցառումներին են գնում։ Ծնողներից մեկն էլ նախ որոշեց Աշոտ  Փաշինյանին Եռաբլուր տանել, հետո ձերբակալվեց, չգիտես ինչու իրեն մեղավոր ճանաչեց, իսկ կալանքից ազատվելուց հետո գնաց ճամփորդության։ Ընդ որում, երբ կալանավորված էր, աղիողորմ խնդրում էր, որ որդու գերեզմանին ամեն օր թարմ ծաղիկներ տանեն, քանի որ ինքը դրա հնարավորությունից զրկված է և այլն։ Այսինքն, կան ազնիվ պայքարողներ, կան քաղաքականությամբ չզբաղողներ և կան նրանք, ովքեր մատծում են, որ չեն կարող ինչ-որ բան փոխեն ու շարունակում են լուռ տանել իրենց ցավը։

Հիմա թեզը կարելի է վերաձևակերպել. «Գերիների հարազատներն այնքան կսպասեն, որքան կառավարությունը կցանկանա նրանց  ամսական 300 000 դրամ վճարել»։  Սա ընդհամենը 300 000 դրամոց գործարք է, որն առաջարկում է վարչապետ Փաշինյանը և որից հրաժարվելու տարբերակ կարծես չի էլ թողնում, իսկ գինը՝ իր իշխանությունը պահելն է։ Բայց դա էլ է ժամանակավոր, քանի որ մի օր Փաշինյանը հրաժարվելու է գործարքի իր մասից, ճիշտ այնպես, ինչպես մնացած խոստումներից: Սակայն այդ ժամանակ ոչ մեկը չի կարողանալու ձայն հանել, որովհետև Փաշինյանը նրանց հիշեցնելու է ժամանակին լռությամբ և խոնհարությամբ  վերցված 300 000 դրամները։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան