Foto

Փաշինյանը խոստումը պահեց՝ ոստիկանության զորքերը թշնամու դեմ այլևս չեն կռվի

2024թ-ին նախատեսվում է ոստիկանության զորքերն ապառազմականացնել և վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի։ Սա նշանակում է, որ ոստիկանության զորքերը թշնամու դեմ այլևս չեն կռվի, ճիշտ այնպես, ինչպես նրանց խոստացել էր Նիկոլ Փաշինյանը։

Էականն այն է, որ սա արվում է հեռահար նպատակով, որն էլ պետական ամրություններից ևս մեկն է խարխլում։ Նախ, այս կերպ հնարավոր է իշխանությունը պահել շատ ավելի արդյունավետ։ Ոստիկաններն ատամներով կպաշտպանեն իրենց սահմանային ծառայություն չուղարկող իշխանությանը, հատկապես, որ բոլորի հիշողություններում դեռ թարմ է 2020թ-ի 44 -օրյա պատերազմի ժամանակ օկուպացված Շուշիի մշակույթի տան պայթունը, որտեղ բազմաթիվ ոստիկաններ զոհվեցին։

Շատերը կձգտեն ծառայության անցնել ոստիկանության ստորաբաժանումներում, քանի որ հա՛մ անվտանգ է, հա՛մ էլ աշխատավարձն ու պարգևավճարը նույնիսկ անգամներով է գերազանցում զինվորականի, սահմանապահի աշխատավարձին։ Եթե ոչ վաղ անցյալում զինվորական լինելը, սպայի համազգեստ կրելը պատիվ էր, որին ընդունում էին անպարտելի բանակի ներկայացուցչի կարգավիճակից, ապա մի քանի տարում սպան և զինվորը կորցրեցին իրենց մասին ձևավորված այս վաստակը, որն իրապես վաստակել էին։ Բարձրաստիճան զինվորականները հիմա մանր-մունր խարդախության մեղադրանքներով կալանավորված են, իսկ քրեական վարույթներն առաջ չեն գնում, վճիռներ չկան։ Բազմաթիվ քրեական գործեր կան, որ զինվորկանները դիրքը լիքել են, չեն կռվել, տեղեկություններ են վաճառել թշնամուն և այլն, բոլորովին վերջերս էլ վարչապետի կինն ասաց, որ  11 հազար դասալիք ենք ունեցել, որ կանայք են կռել։ Պետական ամենաբարձր ամբիոններից հայտարարվեց, որ բանակը մարտունակ չէ և այդպիսին չի եղել, չի կարող պաշտպանվել, դրա համար էլ ետ քաշման հրամաններ են տվել և այլն։

Սրան զուգահեռ իրականությունում ներկայիս պարեկը՝ նախկին «գայիշնիկը», դարձավ ազնիվ, անձնվիաբար ծառայող, կաշառք չվերցնող, հայրենիքը սիրող, պատվախնդիր երիտասարդ։ Պարեկային և, առհասարակ, ոստիկանության զորքերում ծառայության անցնելու համար բարձրագույն կրթություն չի պահանջվում, ատեսատավորումը դեռ միայն այս համակարգ մուտք չի գործել՝ գիտնականներն ու ակադեմիկոսներն ատեստավորում պետք է անցեն, իսկ կրթություն չունեցող պարեկային ծառայողները դրա կարիքը չունեն։

Հենց այսպես և այս տեխնոլոգիաներով արժեզրկում են գիտնականին, բանակին ու զինվորականին և հասարակության մեջ որևէ դիրք չզբաղեցնող, կրթություն չունեցող հատվածին հնարավորություն են ընձեռում կամ «պողպատե մանդատից» մի մաս են տալիս, որ հենց այդ նույն զինվորականին ձերբակալի, որ փողոցում աղջկան քացիներով հարվածելով տանի բաժին և իրեն հպարտ զգա։ Իհարկե, այս տեսակը հետո ատամներով կպահի իրեն հասարակության մեջ դիրք տվող իշխանությանը, թեկուզ՝ մի օր այդ հասարակության իսպառ վերացման, տեղահանման գնով, քանի որ դրա մասին իրենց տերերն իրենց ոչինիչ չեն ասի, իրենք էլ կշարունակեն «տուն պահել» և չհասկանել, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան