Foto

Թուրքական օրակարգի հլու սպասյակը

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գործունեությունն իրականցնում է թուրքական օրակարգին համահունչ ու սիմետրիկ, ինչում համոզվում ենք նրա կողմից իրականցվող հակահայկական ու հակապետական վարքագծով։ Օրինակները բազմաթիվ են, սակայն փորձենք դիտարկել, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ շահարկումներն ու այն պնդումները, որոնք տիրաժավորվում են իշխանական պրոպագանդիստների կողմից։ 

Դեռևս 2021-ին փաշինյանական շայկայի տարբեր ներկայացուցիչներ (անվանական չեմ ընդգծում՝ նրանք շատ էին), սկսեցին խոսել և շրջանառության մեջ դնել այնպիսի պնդումներ, թե օրինակ՝ «Գորիս-Կապան ավտոճանապարհը ՀՀ սուվերեն տարածք չէ» կամ՝ «Տավուշում կան վիճահարույց հատվածներ, որոնք պետք է հստակեցվեն դեմարկացիայի պարագայում»։ Այս թեզերը այն ժամանակ հանրային լայն շրջանակների կողմից չէին դեռևս ընկալվում, հաճախ՝ անտեսվում էին, սակայն ոլորտային մասնագետներն ու տարբեր փորձագետներ ահազանգում էին նիկոլական «անկլավների հանձնման» գործընթացի մեկնարկի մասին։ Վերջին իրադարձություններից հետո արդեն, պարզ դարձավ, որ այդ նույն թեզը հստակ բարձրաձայնվում են անձամբ Ալիևի կողմից, և հստակ պահանջ է դրված, որպեսզի այդ տարածքներում որոշակիություն մտցվի, անգամ խոսվում է դրանք ադրբեջանցիներով բնակեցնելու մասին։ Ըստ էության, հերթական անգամ գործ ունենք «օվերտոնի պատուհանի» կիրառման մեխանիզմի հետ, որոնք Նիկոլի իշխանության անկյունաքարն են հանդիսանում (սրանք վաղուց բնավորություն են սարքել․ բոլոր ռիսկային թեզերը նախապես տիրաժավորում են, մարդկանց մոտ աստիճանաբար տրամադրություն ստեղծում կամ բթացնում վտանգի զգացումն ու հետո անցնում գործի)։ Օրերս, իր հարցազրույցներից մեկում, Փաշինյանն անդրադարձել էր Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ պատրաստ է Տավուշի գյուղերը հանձնել: Ավելին, նա ասել էր, որ այս տարվա փետրվարին Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանն ադրբեջանական կողմից Տավուշի գյուղերի վերադարձի հարցը բարձրացվել է: Իսկ արդեն մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքային ամբողջականության մեջ, որն ինքը ճանաչել է: Կարող ենք հստակ արձանագրել, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ալիևն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, փորձում ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, բայց որ Տավուշի հատվածում «անկլավների ազատագրման» պատրվակով կարող են լինել նաև ռազմական լոկալ բախումներ (սա, ի դեպ, հավանական սցենար է): Ադրբեջանական կողմը քանիցս նման եղանակով փորձել է բուն բանակցությունների սեղանի շուրջ իր ուզածը ստանալ (վերջին 5 տարիներին պարբերաբար նաև ստացել է)։ Նիկոլը, ամենայն հավանականությամբ, կգնա նոր զիջումների հավաստիացումների և քայլերի, այլ կերպ ասած՝ մենք բոլորով կհայտնվենք  նույն շրջապտույտի մեջ։ Ամենավատն այն է, որ այս խառը և վտանգավոր գործընթացների մեջ հայաստանյան իշխանավորները խոսում են ինչ-որ անհասկանալի դիվանագիտական «հաղթանակների» մասին։ Թերևս պարզ է մի բան․ Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ դիվանագիտական դիրքերը: Բան այն է, որ «անկլավների» օրակարգը բավարարելու դեպքում, Ադրբեջանը փաստացի շրջափակելու է Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, այն էլ՝ մի քանի կետերում։ Այստեղ խնդիրը չպետք է դիտարկել իշխանությունների «ասֆալտային տրամաբանության» մեջ, երբ հայտարարում, են, թե չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիրներ։

Հիմա մի քիչ ավելի առարկայական․ դիցուք Նիկոլը Տիգրանաշենը հանձնում է Ադրբեջանին և դրա այլընտրանքային ճանապարհը Լանջառով տանող նեղլիկ ճանապարհն է, որն անցնում է գյուղերի միջով, որն, ի դեպ, դժվար գործածելի է լինելու։ Պետք է հասկանալ, որ այդ ճանապարհների միջպետական նշանակությունը շատ մեծ է, և ոչ միայն մեր, այլ հարևան գործընկերների բեռնաշրջանառությունը դրանից դանդաղելու է: Սա վնասելու է մեր և հարևան երկրների տնտեսություններին, որոնք էլ իրենց հերթին այլընտրանքային տրանսպորտային հանգույցների մասին կսկսեն մտածել։ Իսկ այլընտրանքային հանգույցներից մեկը Իրան-Ադրբեջան-Վրաստան կամ Ռուսաստան երթուղին է, և, բնականաբար, այդ ամենից շահելու է նախևառաջ Ադրբեջանը։ Մեկ այլ դրամատիկ պատմություն է այդ ճանապարհների անվտանգության կարգավորման խնդիրը․ որտե՞ղ են տեղադրվելու հսկիչ-անցագրային կետեր, նաև չի բացառվում, որ այդ ուղղությամբ երթևեկն ընդհանրապես դադարի։

Առաջիկա զարգացումներին սպասելով՝ արձանագրենք, որ պաշտոնական մակարդակում ասվում էր, որ դեռևս 2021-ին տեղակայված ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, սակայն կարծիքներ կային, որ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է «անկլավների» հանձնման, այդ հատվածներում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների գործընթացով։ Ըստ ամենայնի, առաջիկայում առավել հստակ կդառնա, թե ինչ առաքելությամբ էին ռուսական ուղեկալները տեղակայվել կոնկրետ հատվածներում՝ Ազատամուտ, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին և այլն:

Վերջում հավելենք, որ այս ամենի հետ մեկտեղ, Փաշինյանի կողմից անընդհատ շահարկվում է Արծվաշենի թեման, որ, իբր, բացի ադրբեջանական կողմից՝ ՀՀ-ն ևս ունի անկլավ, սակայն մի բան ակնհայտ է, որ Արծվաշեն հասնելու համար նախ պետք է անցնենք մինչ այն տեղակայված 7 ադրբեջանական գյուղերով, իսկ անվտանգության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ ու անշահավետ գործ է։

Արմեն Հովասափյան