Foto

Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանավորված

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում, նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գալեյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։

Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։