Foto

Ակտիվ աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել Արցախի ղեկավարների ազատ արձակմանը Բաքվից. Սիրանուշ Սահակյան

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ադրբեջանն ստացավ դիրքային առավելություն եւ սկսեց վերահսկել յուրաքանչյուր հայի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։Գրում է News.am-ը։

«Եթե այդ վերահսկողության էլեմենտը չլիներ, ես առավել քան վստահ եմ, որ միջազգային հետախուզումների կամ այլ ճանապարհով հնարավոր չէր լինի Արցախի ղեկավարների հանձնումը Ադրբեջանին՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք փաստագրել ենք մեծ մասշտաբների հասնող պատերազմական ու մարդկության դեմ ուղված հանցագործություններ, ընդ որում դրանց թիվը կտրուկ աճեց բռնի դեպորտացիաներից հետո, երբ ողջ Արցախի բնակչությունը տեղահանվեց եւ գտնվում է Հայաստանում:

Թեեւ Հայկական կողմը պատերազմական հանցագործություններ չի կատարել, Ադրբեջանն ունի 8 հայ ռազմական, քաղաքական գործիչ, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, իսկ հայկական կողմը, որտեղ զոհերի թիվը հասնում է հարյուր հազարների, չունի արձանագրված մեկ դեպք, որ ադրբեջանցի գոնե միջին ռազմական գործիչը կանգնած լինի դատարանի առջեւ՝ լինի Հայաստանում, կամ որեւէ այլ երկրում: Մենք այս պայքարում եւս արդյունավետ չենք եղել, ունենք պարտություն: Սա այն ճակատն է, որտեղ կարելի է փոխել մոտեցումները, ինտենսիվացնել ջանքերը եւ մոտ ապագայում ունենալ ռեալ արդյունքներ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի հասնել Արցախի ղեկավարների վերադարձին Բաքվից, նա պատասխանեց. «Կան բազմաթիվ ատյաններ, որոնցից օգտվելու պայմաններում երաշխավորված է լինելու դրական ելքը հօգուտ Հայաստանի: Բայց պետք է նկատի ունենանք, որ վճիռների կատարումը եւս ենթադրում է քաղաքական պրոցեսներ: նույն Ադրբեջանի դեպքում ունենք նախադեպ, երբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ձերբակալումը եւ հետապնդումը եղել է քաղաքական նպատակով, վերագրվել են շինծու արարքներ, եւ որպես միջոց պահանջել են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ադրբեջանը որոշ ժամանակ հրաժարվել է դատական ակտը կատարելուց, հետագայում քաղաքական ճնշման ներքո ազատ է արձակել:

Եթե մենք ակտիվացնենք միջազգային ճնշումը, ես այս խնդիրը հաղթահարելի համարում ենք, մենք կարող ենք ունենալ արդյունքներ»:

Սիրանուշ Սահակյանը չբացառեց նաեւ համաներման տարբերակը. «Սա քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում կարող է իրականացվել. «Ընդ որում, թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը կողմնակից են համաներումներին, իհարկե, տարբեր փաստարկներ ունեն, բայց երկու բլոկներում էլ խրախուսվում է համաներման միջոցով մարդկանց ազատ արձակումը»,- նկատեց նա: