Ադրբեջանի զինված ուժերը ԼՂ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները խաղաղ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին մեզ համար առաջնայինը Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն է։ Խոսքն, իհարկե, հայ բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով ՝ ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղի գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն։
«Դրա համար միակ երաշխիքը ստորագրված եռակողմ փաստաթղթերն են», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին նախապես չի զգուշացրել Լեռնային Ղարաբաղում պատրաստվող գործողության մասին: