Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հրաժարական է տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և ներկայացրել իրավիճակը: Նա նաև հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին»: