Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետը, որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող: Երբևէ որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը: Այն ինֆորմացիան, որ ձեռքի հետ փոխանցեց ՀՀ վարչապետը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ», ցցուն ապացույց է, որ իր և Ալիևի պայմանավորվածություններն անխոչընդոտ կյանքի են կոչվում: Եվ միանգամից պարզ է դառնում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակը:
Ու այստեղ մի շատ կարևոր հարց՝ ԱՀ նախագահին. արդյո՞ք Արցախում վերջին օրերի՝ իր իսկ ձեռքով ստեղծած խառնաշփոթը, Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարականների արդյունք է, թե՞ իր ոճով փորձում է «ելքեր» գտնել: Արցախի Հանրապետության նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ, հակառակ դեպքում, հայկական երկու պետությունները չեն կարող այսքան շռայլ լինել՝ տնավեր ու հայրենազուրկ դառնալ, պահելով դեղին մամուլի ներկայացուցիչ ՀՀ-ում և բլոգեր՝ ԱՀ-ում»։









