Foto

Կոտրել են 23 համարի ավտոբուսի վարորդի քիթը

Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Միկոյան փողոցում ծեծի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «նշված վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Ռ․ Մ.-ն 23 համարի ավտոբուսը ցանկացել է կայանել տրանսպորտի համար նախատեսված կանգառում, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ, վերջինն էլ մի քանի անգամ հարվածներ է հասցրել ավտոբուսի վարորդին՝ կոտրելով քիթը»։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով «խուլիգանություն և ծեծ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած քաղաքացու ինքնությունը։