Foto

Ինչպե՞ս է հայ բնապահպանը հայտնվել baku.tv-ի ռեպորտաժում․ մանրամասներ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, «Baqu TV»-ին եթեր հեռարձակեց  «Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները ոչնչացնում են տարածաշրջանի էկոլոգիան» վերտառությամբ ռեպորտաժ։ Ի զարմանս շատերի՝ այնտեղ Հայաստանի հանքարդյունաբերության մասին Ադրբեջանի բառմթերքով խոսում էր հայ բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

ՀԿ նախագահն ավելի ուշ պարզաբանում էր տարածել։ Vesti.am-ի հետ զրույցում Զարաֆյանը վրդովված էր, ասում էր, որ իրեն խաբել է ռուսական «Բլոկնոտ» տեղեկատվական կայքերի ցանցի թղթակից  Նատալյա Խոխլովան, որն ասել է, թե տարածաշրջանում բնապահպանական նյութեր են պատրաստում և ցանկանում են հարցազրույց վերցնել։

Հետաքրքրական է, որ հայ բնապահպանը հաշվի չի առել ադրբեջանցի էկոլոգների նամակները, տարածաշրջանային խնդիրները և համաձայնել է հենց հիմա օտարերկրյա որևէ երկիր պատմել մեր բնապահպանական խնդիրների մասին։

Զարաֆյանն ասում է, որ միչև հարցազրույց տալն արդեն չի ցանկացել զրուցել նրանց հետ՝ ծանոթանալով «Բլոկնոտ» տեղեկատվական կայքերի ցանցին, որ վերահսկվում է Կրեմլի կողմից, քանի որ այդ երկրում բնապահպան գործընկեր ունի, որը դատապարտվել է 3 տարի ազատազրկման։

Զարաֆյանի խոսքով՝ այստեղ քաղաքական բաղադրիչ կա, և հարցազրույցը զարտուղի ճանապարհով վերցրել են ու փոխանցել Բաքվին, որն էլ իր քաղաքական շահն է առաջ տարել։ Պնդում է՝ իր մոտ ևս ձայնագրություն կա, ու ռեպորտաժում էլ մոնտաժի միջոցով օգտագործել են այն հատվածները, որն իրենց անհրաժեշտ է։

«Հարցազրույցում ես անդրադարձել եմ հանքարդյունաբերական ոլորտի նկատմամբ հասարակական մոնիթորինգին և նշել, որ Ռուսաստանում բնապահպանների նկատմամբ պետությունը մեծ ճնշում է գործադրում: Շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ հարցերին ես ներկայացրել եմ հանքարդյունաբերության ոլորտին բնորոշ ռիսկեր:

Հնչել է հարց հասարակական բողոքի ակցիաների, կառավարության արձագանքի մասին: Նշել եմ, որ, երբ լինում են բողոքի ակցիաներ, կառավարությունը չի միջամտում, իսկ կարգուկանոնը պահպանում է ոստիկանությունը»,- նշեց Զարաֆյանը:

Համաձայնում է, որ իր և Նատալյա Խոխլովայի հետ ունեցած հարցազրույցը թեև ծաղկաքաղ է արված, այնուամենայնիվ,  հարմարեցված է Հայաստանի դեմ ուղղված քարոզչական նյութի համատեքստին:

«Արդեն վստահ եմ, որ Նատալյա Խոխլովայի այցը Հայաստան պատահական չէր, այլ պատվեր էր Ադրբեջանի կողմից: Ինձ խաբելու, իմ  ներկայացրած փաստերը խեղաթյուրելու համար պատասխանատվություն է կրում անմիջապես Նատալյա Խոխլովան և «Բլոկնոտ» տեղեկատվական կայքերի ցանցի ղեկավար կազմը: Անհրաժեշտ եմ գտնում, որ իրենց նկատմամբ պետք է կիրառվի Հայաստան մուտք գործելու արգելք»,- նշում է բնապահպանը:

Զարաֆյանն ասում է, որ սիրով դատարան կդիմի, սակայն իրավական առումով հնարավոր չէ, քանի որ լրատվականը Հայաստանում գրանցված չէ, ինքն էլ Մոսկվայի դատարան դիմելու հնարավորություն չունի։

Բաքվի քայլերն ու նպատակներն, իհարկե, հասկանալի են, բայց վերադառնալով ռեպորտաժի բովանդակությանը՝ նկատում ենք, որ, իրապես կան մոնտաժված հատվածներ, սակայն, ինչը վերաբերում է ՀՀ-ում այս պահին գործող ամենախոշոր հանքարադյունաբերական ընկերությանը, որը նաև խոշոր հարկատուների ցուցակն է գլխավորում, այդ մասում մոնտաժը նկատելի չէ։

Կարևոր է նաև, որ վերջերս, երբ ադրբեջանցի բնապահպանները նամակ էին հղել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հանքարյունաբերական ընկերությունների աշխատանքը, կրկին հղում էին արել հայ բնապահպաններին, և Ինգա Զարաֆյանը Vesti.am-ին տված հարցազրույցում նշում էր, որ ադրբեջանցիների պնդումներն իրականության չեն համապատասխանում, և թող իրենք զբաղվեն իրենց խնդիրներով՝ հիմնավորելով, որ Ադրբեջանում բնապահպանական խնդիրները մի քանի անգամ ավելի շատ են։

Հեղինակ: Աննա Ավետիսյան