Foto

ԶՊՄԿ-ն մնացել է միակ գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը

Հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է մնալ տնտեսության շարժիչ ուժը, սակայն էականորեն թուլացրել է դիրքերը: Օրինակ՝  2023թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների հրապարակված ցանկը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշված ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել շուրջ 35 մլրդ դրամ հարկ, ինչը մոտ 25 տոկոսով գերազանցում է նախորդ եռամսյակում կատարած վճարումները, սակայն ավելի քան 66 տոկոսով պակաս է անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Սա մի քանի բացատրություն  ունի։ Առաջին՝ անցյալ տարի արտահանման մասին գործող «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունը, որի հետևանքով անցյալ տարի վճարված հարկերի քանակն աննախադեպ էր, թեև, հանքարդյունաբերողների պնդմամբ, սա մեծագույն հարված էր ոլորտի տնտեսական արդյունավետությանը։

Երկրորդ՝ անցյալ տարի ԶՊՄԿ-ն վճարել է նախորդ տարիներից և մինչև սեփականատերերի  կազմի փոփոխությունը գոյացած չվճարված հարկային պարտավորությունները։

Երրորդ՝  պետության կողմից վարվող դրամի արժևորման քաղաքականությունը։ Հանքարդյունաբերական ընկերություններն արտահանում են ողջ արտադրանքը, եկամուտն այլ արժույթով է, իսկ բոլոր գործառնական և կապիտալ ծախսերը, որոնք, տարբեր հաշվարկներով, եկամտի կեսից ավելին են կազմում, իրականացվում են տեղում՝ ՀՀ դրամով։

Թերևս, այս հանգամանքներով է պայմանավորված, որ  հանքարդյունաբերությամբ և հանքարդյունաբերությանն առնչվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (հաշվի են առնված միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները) 1000 խոշոր հարկատուների ցանկում լուրջ հետընթաց են արձանագրել ինչպես դիրքային առումով, այնպես էլ վճարած հարկերի մեծությամբ, թերևս բացառությամբ ԶՊՄԿ-ի, որ պահպանել է առաջին հարկատուի դիրքը:

Ի դեպ, եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակում ԶՊՄԿ վճարած հարկերը նախորդ 10 տարիների հետ, ապա տեսանելի է, որ ԶՊՄԿ-ն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ բոլոր տարիների նույն ժամանակահատվածում (չհաշված՝ բացառիկ նախորդ տարին)։

Այդուհանդերձ, եթե 2022 թ. 1-ին կիսամյակում ցանկում ներառված 15 կազմակերպություններից 9-ը հայտնվել են 100 խոշոր հարկ վճարողների շարքում, այդ թվում 4-ը՝ առաջին տասնյակում, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածում այդպիսի կազմակերպություններն ընդամենը 2-ն են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Թեղուտը», ընդ որում՝ վերջինս եզրափակում է նշված ցանկը: Հարկ է նկատել նաև, որ կազմակերպություններից 5-ը լքել են 1000 խոշոր հարկ վճարողների շարքերը, միևնույն ժամանակ ցանկում ներառվել է 3 նոր ընկերություն: 

Ինչ վերաբերում է խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունների վճարած հարկերի մեծությանը, ապա դիտարկվող ժամանակաշրջանում դրանք ավելի քան եռակի անգամ նվազել են, այն դեպքում, երբ բոլոր 1000 հարկ վճարողների մուծած հարկերն ավելացել են 21 տոկոսով: Հավելենք նաև, որ եթե 2022 թ. 1-ին կիսամյակում 1000 հարկատուների կողմից վճարված հարկերի 1/5-ն ապահովել էին հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածում այդ մասնաբաժինը կրճատվել է շուրջ 4 անգամ: Սա ևս մեկ անգամ փաստում է հանքարդյունաբերության ոլորտի նահանջի մասին:

Բացի վերը բերված պատճառներից, դեր է խաղում այն հանգամանքը, որ գործող խոշոր ընկերություններից մի քանիսը պարզապես գրեթե չեն գործում: Մասնավորապես, «Թեղուտ» ընկերության հարկային վճարումների ավելի քան 82 տոկոս կրճատման գլխավոր պատճառը ռուս–ուկրաինական հակամարտությունն է, Արցախյան վերջին պատերազմից հետո այս պահին գրեթե չի գործում Սոթքի հանքավայրը։ Մեծ հաշվով, կարելի է համարել, որ ոլորտը ճգնաժամի մեջ է, եթե հավելենք նաև մի քանի տարի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող Լիդիանը։ Միակ գործող խոշոր ընկերությունը մնացել է ԶՊՄԿ-ն։

  undefined

Հեղինակ: Աննա Ավետիսյան