Foto

«Արցախում ստեղծվել է նախացեղասպանական իրավիճակ». Աշոտ Մելքոնյան

Արդեն 232-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, փակ է Արցախի կյանքի միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Այս պահին 120 հազար արցախահայեր գտնվում են հումանիտար աղետի մեջ, դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը վտանգներ է ստեղծում նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր բուժման նպատակով արցախից տեղափոխվում են Երևան։ Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, նա Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը մեկ բառով բնորոշեց Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ նախացեղասպանական։

«Ցեղասպանագետները կարող են հաստատել իմ խոսքը, որ գոյություն ունի այդ հրեշավոր գործողության նախօրյակ՝ նախացեղասպանական իրավիճակ կոչվածը։ Բոլոր ցեղասպանությունների նախօրյակին եղել է նման բան, որը եղել է նաև 1890-ականների սկզբներին՝ Համիդյան ջարդերի նախօրյակին, երբ 1891 թվականին ստեղծվեցին «համիդյան ջոկատները», որոնք 30 գնդերի վրա հետագայում սկսեցին ընդարձակվել և իրականացնել 300 հազար հայերի կոտորած։ Նույնը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց Կովկասյան ճակատի բացվելուց հետո, երբ մահմեդական բնակչությանը սկսեցին գրգռել հայության դեմ, և ստեղծվեց այդ նախացեղասպանական իրավիճակը՝ մինչև 1915 թվականի ապրիլի 24-ին՝ հայ մտավորականության, իսկ մայիսից սկսած՝ ամբողջ բնակչության տեղահանություններն ու կոտորածները։ Այնպես որ, այս իմաստով վստահաբար կարող ենք ասել, որ այսօր Արցախում ստեղծվել է նման իրավիճակ»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Այս համատեքստում պրոֆեսորը մատնանշեց՝ ուրախալի է, որ հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ն նման վտանգավոր իրավիճակը հասկանալով,  հայտարարություն տարածեց՝ դիմելով աշխարհի խորհրդարաններին, նկարագրելով, որ Արցախում նախացեղասպանական իրավիճակ է, և հղում կատարելով 1948 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի կոնվենցիային, բանաձև ցեղասպանությունների վերաբերյալ, որը հեղինակել է հրեա ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինը։