Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի, ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է, այս մասին ավստրիական «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։
«Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն, արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,- ասել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար:
«Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»,- ասել է նա։