Հայկական երկրորդ հանրապետությունն՝ Արցախը, տոտալ շրջափակման մեջ է, Արցախի խանութներում
ի սպառ բացակայում են նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սնունդ, դեղորայք և այլն։ Արցախում
առկա խնդրների և հետագա անելիքների մասին Vesti.am-ը
զրուցել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե
Հակոբյանի հետ։
-
Տիկի՛ն Հակոբյան,
ի՞նչ իրավիճակ է հիմա Արցախում։
- Չեմ ուզում խուճապ առաջացնել, բայց սա կարելի է համեմատել Լենինգրադի բլոկադայի հետ։ Արդեն անիմաստ է խանութ մտնել, քանի որ գնելու ոչինչ չկա։ Հացը շատ արագ սպառվում է, կաթնամթերք հաջողվում է ձեռք բերել միայն եզակի մարդկանց, բանջարեղեն հնարավոր է հանդիպել բացառիկ դեպքերում, այն էլ՝ աստղաբաշխական գներով։ Օրինակ, 1կգ լոլիկն, այն էլ՝ անորակ, կարելի է գնել 2500 դրամով։ Ամենածանրն առողջապահական համակարգում է, որովհետև այլևս դեղերի ներկրում տեղի չի ունենում, Կարմիր խաչի ներկրածն էլ չէր բավականացնում, պլանային վիրահատություններ չեն արվում, հիվանդների տեղափոխություն չի կատարվում։ Արցախում, վառելիքի բացակայության պատճառով, շարժը պարալիզացված է, մարդիկ հիմնականում ոտքով են շարժվում, միջհամայնքային տրասպորտն աշխատում է սահնմանափակ գրաֆիկով։ Սա ֆաշիզմի դրսևորում է։ Ստացվում է, որ թշնամին անարգել իրականացնում է իր ծրագիրն՝ աշխարհի լուռ համաձայնության ներքո, և, ըստ էության, նաև Հայաստանի և Արցախի իշխանությունների լուռ համաձայնությամբ։
- Կտրոնների տրամադրման համակարգը գործու՞մ է։
-
Երբ կտրոնները տրամադրվեցին արցախցիներին, արդեն իսկ խանութներում
համապատասխան սնունդ չկար։ Ամսի 15-ից օրեր առաջ կտրոնները տվեցին այն հույսով, որ դեռ
ներկրում պիտի լիներ։ Երբ դեռ ներկրման հնարավորություն կար, ասում էինք, որ պաշար կուտակեն,
բայց գարեջուր և կետչուպ, մայոնեզ էին ներկրում։ Նման բաներից կարողանում են շատ եկամուտ
գեներացնել, այնինչ մարդիկ տներում ո՛չ ձեթ, ո՛չ շաքարավազ, ո՛չ կարագ և այլն առաջին
անհրաժեշտության իրեր չունեն։ Գեղեցիկ ձևավորված կտրոններն այդպես էլ մնացել են։ 3
շաբաթ է՝ մարդիկ կտրոններով ոչինչ չեն կարողանում գնել։
-
Արցախի ընդդիմությունն
ի՞նչ է անում խնդրի կարգավորման համար, ի՞նչ լուծումներ եք առաջարկում։
-
Հունիսի 29-ի նիստին տեսանելի էր ընդդիմության պահվածքը և նախագահի
պահվածքը։ Այն, ինչ-որ ընդդիմությունն ասում էր պատերազմից հետո՝ առաջարկում էր լրջանալ,
պաշար հավաքել, ականջալուր չէին լինում։ Իշխանությունը պետականաքանդ է, իսկ ընդդիմությունը՝ պետականամետ։
Ընդդիմությունն ի վերջո չգիտի, թե ի՞նչ լծակներ օգտագործի, որ այս խուլ, համր իշխանությունը
խելքի գա՝ իր նախագահի հետ միասին։ Այս կեղեքված ժողովրդին զբաղեցնելու համար նույն
տեխնոլոգիաներն են կիրառում, ինչ-որ Հյաստանի իշխանությունն է անում Հայաստանում։ Իրենք
մեկ խնդիր են լուծում՝ այս քանդված երկրում իրենց աթոռներն են պահում։
-
Ամսի 29-ի նիստից հետո մոտ երկու շաբաթ է անցել, դրանից հետո ի՞նչ քայլեր է արել ընդդիմությունը։
-
Ինչպես հայտնի է Արցախում ձևավորել է Անվտանգության և զարգացման
ճակատը, որը գործում է շուրջ 5 ամիս, կան գործող
8 հենասյուներ, հիմա էլ ստեղծել ենք խմբեր և հրատապ ռեժիմով աշխատում ենք, հասցեական
նամակներ ենք պատրաստում և հետևողկան ստանալու ենք դրա պատսխանները։ Սա օրերի հարց
է, Արցախում օր-օրի իրավիճակը վատթարանում է։ Հասկանում ենք, որ Արցախի և Հայաստանի
իշխանությունները ոչինչ չեն անում, բայց եթե ընդդիմություն ենք, ապա ձեռքներս ծալած չենք
նստելու։ Իհարկե, հասկանում ենք, որ մենք իշխանություն չենք և դա մեզ դժվար է տրվելու։
-
Այդ նամակների հասցեատերերի
ցանկում Արցախի նախագահը և ՀՀ վարչապետը ներառվա՞ծ են։
-
Այո՛, իհարկե, իրենք առաջին շահառուներն ու պատասխանատուներն
են և պետք է կրեն այդ պատասխանատվությունը։
Պետք է սկսել Արցախի նախագահից, քանի որ մեր Սահմանադրությամբ, ի վերջո, նա է պատասխանատու
այս ամենի համար։ Կհարկադրվի, կստիպի հայաստանյան գործընկերոջը կամ կթողնի, կհեռանա,
բայց պիտի ինչ-որ լուծում տրվի։ Կլասիկ քաղաքականություն խաղալու ժամանակ չկա՝ անել
քայլ և սպասել արդյունքի։
-
Արցախի նախագահը,
Նիկոլ Փաշնյանի գործոնը մի կողմ թողնելով, քայլ արեց և դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպե՞ս եք սա գնահատում։
-
Ոչ թե մի կողմ թողնելով, այլ՝ վախենալով Նիկոլ Փաշինյանից։ Արայիկ
Հարությունյանը վախենում է Հայաստանի վարչապետից, Ադրբեջանի նախագահից և վերջում՝ նոր
ՌԴ նախագահից։ Սա Արայիկ Հարությունյանի պոպուլիզմի դրսևորումներից էր։ Լուրջ կլիներ
այն դեպքում, երբ ՀՀ վարչապետին հարկադրվեր, պահանջներ ներկայացներ, ապա նոր դիմեր
ՌԴ նախագահին։ Առ այսօր ծանոթ չենք նամակի բովանդակությանը և իրեն էլ չենք վստահում,
հատկապես որ այդ նամակի մասին հայտարարողները Նիկոլ Փաշինյանի կողմից են ներդրված Արցախում։