Դերասան, հեռուստահաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն արդեն տևական ժամանակ է՝ համագործակցում է Կապանի դրամատիկական թատրոնի հետ: Vesti.am-ի հետ զրույցում Խորեն Լևոնյանն անդրադարձել է Կապանի թատրոնում աշխատելուն և իր «Հույս» ներկայացմանը, ապա՝ ալբոմին, որի ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է 44 օրյա պատերազմի ընթացքում։ Խորեն Լևոնյանի գնահատմամբ՝ «արվեստը շատ բան կարող է փոխել, թատրոն հաճախող երեխաներին ցույց տալ, որ մենք էլ այս տեսակն ենք ու այդ տեսակին փորձում են վերացնել»:
-
Կապանի թատրոն տեղափոխվելու որոշումն ինչպե՞ս կայացրիք։
-
Կապանում միշտ ունեցել եմ ընկերներ և մինչև հիմա կապը պահպանվել է, այնտեղ համերգներ եմ ունեցել։ Երբ, պատերազմով պայմանավորված, երկրում վիճակը սրվեց, որոշեցի, որ պետք է այնտեղ գնամ և ինչ-որ բան անեմ։ Ընկերներով՝ Իշխան Ղարիբյանի (նախկին գեղարվեստական ղեկավար) և Տիգրան Աթայանի (Կապանի թատրոնի տնօրեն) հետ երգեր ստեղծեցինք։ Մի մասը գրվեց պատերազմի ժամանակ, մի մասն էլ՝ դրանից հետո։ Փորձեցինք մեր հասկացածը, զգացածը, այդ պահին երկրի մասին մեր վերաբերմունքն արտահայտել երաժշտությամբ: Այդպես ստեղծվեց «Հույս» ալբոմը, որը սկզբում թատրոնում ներկայացում էր։ Պրեմիերան հունվարի 28-ին էր (2021թ)։ Սկզբում ես միայն «Հույս» երգին մասնակցություն ունեի, իսկ հետո ակամայից հասկացա, որ սիրում եմ մնացած գործերը և որոշեցի հավաքել, խմբագրել ու ստեղծել մեծ ալբոմ։
- Պարտերազմից հետո Կապանում ի՞նչ փոփոխություններ են նկատելի։
Երբ իմ իմացած Կապանի սահմանները փոխվեցին, որոշեցի ավելի հաճախ գնալ Կապան: Իմ իմացած ուժեղ կապանցիների համար անհասկանալի իրավիճակ ստեղծվեց (ափսոսանքով է նշում Խորեն Լևոնյանը. խմբ.)։ Երբ միանգամից դառնում ես սահմանամերձ ու թշնամին երկու մետրի վրա կանգնած է՝ փոփոխություններն անխուսափելի են, ուստի որոշեցի ավելի հաճախ լինել Կապանում ու ինչ-որ բան անել Կապանի, թատրոնի, ժողովրդի ու ընկերներիս համար։ Ուզում եմ Կապանում հասկանան, որ ամեն ինչ Երևանում կենտրոնացված չէ, ինչը, կարծում եմ, յուրաքանչյուր արվեստագետի հոգու պարտքն է։ Մեկը հասկանում է, մեկը՝ չի հասկանում, մեկի մոտ դա ցայտուն երևում է, մյուսի մոտ էլ, գուցե, քնած է։ Կարծում եմ, օրինակս վարակիչ կլինի և մարդիկ կփորձեն ավելի շատ գնալ Երևանից դուրս և զբաղվել մշակույթով, այդ կերպ մարդկանց ուրախություն պարգևել, որովհետև մարդիկ քեզ ճանաչում են, ուզում են շփվել քեզ հետ, նկարվել և այլն։ Երեխաների հետ ենք հաճախ հանդիպում, փորձում ենք նրանց ներգրավել մշակութային կյանքի մեջ, ինչ-որ դեր ունենալ նրանց դաստիարակության մեջ։ Իմ կարծիքով՝ արվեստագետի կոչումներից մեկը եկող սերնդի համար օրինակ լինելն է:
- Խոսեցիք նաև «Հույս» ներկայացման, հետագայում ալբոմի մասին։ Խնդրում եմ անդրադառնալ Ձեզ համար դրա նշանակությանը և առանձնացնել որևէ ստեղծագործություն։
- Անհնար է առանձնացնել, որևէ ստեղծագործություն: Երբ դեռ սկզբում կային «Հույս» երգի բառերն ու փորձում էինք դրա վրա երաժշտություն ստեղծել, համադրել և այլն, ես հասկացա, որ ինչ-որ կարևոր բան է ստեղծվում։ Երբ Իշխանը, Տիգրանը երգում էին, ես Երևանից գնում էի Կապան, որ մասնակցեմ «Հույս» երգի կատարմանը։ Մի օր Տիրգանն իր ոգևորվածությունից ձայնալարերը վնասեց ու, քանի որ երգերն անգիր գիտեի, ես երգեցի։ Հետո Տիգրանն ասաց, որ վերցնեմ երգերը և սարքեմ այնպիսին, ոնց գտնում եմ ճիշտ և ես դա կարող եմ։ Հետո միասին արեցինք՝ երգում ենք և՛ ես, և՛ Իշխանը, և՛ Տիգրանը։ Չգիտեմ, գուցե, բարձր հնչի, բայց, կարծում եմ, մի օր՝ գուցե մեր կյանքից հետո, այն կգնահատվի՝ թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության, մի խոսքով, բովանդակային առումով։ Կարծում եմ, հիմա մարդիկ ուրիշ բանի ետևից են գնում՝ ավելի շատ ուզում են չմտածել, չմտահոգվել, խնդիրների հետ չառնչվել, այլ ուղղակի ասում են՝ ինձ մի ծանրաբեռնեք։ Մեր ալբոմը մի քիչ ավելի մտածելու, խնդիրը ցույց տալու, ելքեր հրահրելու, պատմությունից ինչ-որ դասեր քաղելու մասին է: Այն այդքան լայն տարածում չգտավ հասարակության մեջ, ինչպես այն երգերը որոնք յարի փեշերի կամ սիրուն աչերի մասին են։ Մեր ալբոմի դիտողականությունը քիչ էր, որից մենք, այնուամենայնիվ, գոհ ենք։ Մեր պարտքն է՝ մենք անում ենք։ Շատ մեծ դժվարությունների միջով ենք անցել այս ալբոմը ստեղծելու համար, դրա մասին երևի միայն Աստված գիտի։
-
Սյունիքի մարզը պատերազմից հետո ամենախնդրահարույցն է։ Մարզից արտագաղթ կա, անվտանգության խնդիր, գրեթե ամենօրյա կրակոցներ։ Հիմնականում խուսափում են Սյունիք գնալուց, իսկ Դուք չխուսափեցիք, ինչո՞ւ։
-
Կրակում են՝ թող կրակեն։ Հիմա, եթե մի օր Երևանի վրա էլ կրակեն, ո՞ւր եք գնալու։ Ես այդպես չեմ մտածում։ Հիմա նույնիսկ մեր սովորական ճանապարհը չկա, Տաթևի վանքի շրջանցիկ ճանապարհով ենք գնում։ Երբ հասկանում եք, որ սա ձեր տունն է ու վերջ, ճանապարհի դժվարությունը, երկարությունը, սահմանային մի քանի կրակոցները չեն կարող վախեցնել։ Ես դեմ եմ այն մտայնությանը, որ մարդիկ ուզում են երկրից ապահովություն և լավ կյանք ստանան, բայց ոչ մի բան չեն անում երկրի համար։ Ինձ միշտ հետաքրքրում է՝ մարդն ինքն իրեն հարց չի՞ տալիս՝ բա ես ի՞նչ եմ արել այս երկրի համար, ես ի՞նչ եմ տվել այս երկրին։
-
Ի՞նչ տվեցիք Դուք Կապանի թատրոնին։
- Ինձ համար կարևորն այդ շարժն է, երբ մարդիկ տեսնում են՝ իրենց հեռուստացույցով տեսած մարդն իրենց քաղաքում է, մտնում է դեղատուն, հագուստի խանութ։ Այդ կերպ իրենք զգում են, որ իրենց չեն մոռացել, չեն լքել։ Սա մեր երկրին է, ես հիմա գնում եմ Կապան, հետո կգնամ Գորիս, հետո՝ ուր ուզեմ։ Ես այդ կերպ փորձում եմ հույս տալ մարդկանց, որ ամեն ինչ կորած չէ։ Իրականում կապ չունի, թե որտեղ ես բեմ բարձրանում, երբ հանդիսատեսը գալիս է թատրոն, քեզ ծափահարում է և դու տեսնում ես, որ իրենք հասկացան քո արածի իմաստը, ինչը Կապանի հանդիսատեսի դեպքում առավելապես է արտահայտվում, դու հասկանում ես, որ մարդկանց մոտ ինչ-որ մի տեղ կարևոր բաները ննջած են և դու կարողանում ես, կպնելով այդ կետերին, իրենց մեջ արթնացնել դրանք։ Ես տեսել եմ՝ ոնց են մարդիկ նստած տեղից ցատկում վեր ու ծափահարում։ Հասկանում ես, որ ինչ-որ մի բան իրենց հասել է, իրենք էլ են այդպես մտածում։ Ուղղակի պետք է ճիշտ կետին դիպչել և արթուն պահել այն՝ ինչը որ կա։
-
Ընդհանրապես թատրոնի ոլորտի խնդիրը որն է։
- Կուզեի, որ մի քիչ ուշադրություն դարձնեն մեր երկրի խնդիրներին, մեր երեխաների դաստիարարկությանը։ Մենք երբեք այսքան խնդիրներ չենք ունեցել՝ ինչպես հիմա։ Կուզեի, որ անդրադառնան դրանց։ Պետք է մի քիչ էլ մեր մասին մտածենք, թատրոն հաճախող երեխաներին ցույց տանք, որ մենք էլ այս տեսակն ենք ու այդ տեսակին փորձում են վերացնել, այս տեսակի մեջ «ցեց էն գցում» և այս տեսակը փորձում է «իրար ուտել» ու մենք պետք է այդպես չլինենք։ Հավատացեք, արվեստը շատ բան է փոխում։ Յուրաքանչյուր ամերիկյան ֆիլում կա իրենց երկրի դրոշը։ ԱՄՆ-ում իրենց երկրի հետ կապված մեկ ֆիլմ ամեն տարի «Օսկար» է ստանում։ Պետականության հետ կապված ցանկացած բանի իրենք շատ մեծ կարևորություն են տալիս, իրենք պրոպագանդում են իրենց երկիրը։ Կարելի է՝ մի քիչ մենք էլ այդ ուղղվածությունն ունենանք մեր հասկացած չափաբաժնով, և փորձենք պահել մեր ես-ը, մեր եռագյույնը, մեր ոգին։ Հասկանանք՝ ի՞նչ տեսակ ենք, ո՞ւր ենք ուզում գնալ, հասկանանք՝ ի՞նչ դաս քաղեցինք, թե՞ չքաղեցինք և տեղն էր մեզ։ Պետք է ցույց տալ խնդիրները և արվեստի միջոցով նաև ելքեր առաջարկել։
-
Ըստ Ձեզ՝դասեր քաղեցի՞նք, թե՞ ոչ։
-
Բոլորի անունից չեմ կարող խոսել։ Ես քաղեցի։ Շատ հաճախ դպրոցներ եմ գնում, երեխաների հետ եմ հանդիպում։ Սիրում եմ այդ հանդիպումները, տեսնում եմ, որ երեխաները ցանկանում են ինձ հետ հանդիպել, խոսել, նկարվել, և ես հասկանում եմ, որ երեխաների աչքերում կա սեր՝ դեպի մեր երկիրը։ Իրենց միշտ ասում եմ, որ պետք է չվախենալ սխալվելուց, քանի որ սխալվում են բոլորը, բայց նույն սխալը երեք-չորս անգամ մի կրկնեք։ Ես դպրոցում հայոց պատություն առարկան չէի սիրում, քանի որ չեմ կարողնաում հասկանալ, թե ինչո՞ւ ենք առանց դասեր քաղելու, տարիներ շարունակ, նույն սխալներն անընդհատ կրկնել, գնալով փոքրացել ենք, բայց էլի նույն սխալներն արել ենք ու անում ենք։
Լուսանկարները՝ Խորեն Լևոնյանի արխիվից