Դիվանագետն ընդգծեց` Եվրամիությունը երբեք էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մաս չի կազմել, եղել է Ֆրանսիան։ Իսկ ԵՄ–ն միշտ հայտարարել է, որ սկզբունքորեն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներին, որոնք որդեգրված են եղել նաև ՄԽ համանախագահների կողմից` ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։
«ԵՄ–ն կարգավորումից հետո իր վրա հանձնառություն է վերցրել, որ պատրաստ է և կաջակցի պոստկոնֆլիկտային շրջանում վերականգնման գործընթացներին։ Ես տեսնում եմ մի միտում` բոլոր խոշոր միջազգային խաղացողները` թե՛ ԱՄՆ–ն և ՌԴ–ն, թե՛ ԵՄ–ն և Իրանը, Հայաստանում առաջ են տանում իրենց ազգային շահերը, ես չեմ տեսնում, որ ուշադրություն կամ ակցենտ է դրվում Հայաստանի անվտանգության բարձրացման վրա,»,– հավելեց Ադոնցը։
ԵՄ–ի հետ աշխատելու փորձառություն ունեցող դիվանագետը վստահ է, որ այսօրվա տխուր իրավիճակը հետևանքն է այն բանի, որ միջազգային հանրությունը մինչ օրս 44-օրյա պատերազմը չի ճանաչել որպես ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Մինչև դա հստակորեն չարվի, շոշափելի արդյունք ակնկալելն անհնար է։
Իսկ ի՞նչ է Ադրբեջանն այսօր Արցախում անում։ Ըստ Ադոնցի` պատասխանը միանշանակ ու պարզ է` էթնիկ զտում` «չկան հայեր` չկա խնդիր»։
Թե այս պայմաններում ինչի մասին կարող են խոսել ու բանակցել Ստեփանակերտն ու Բաքուն, դիվանագետը չի պատկերացնում։
«Ստեփանակերտ–Բաքու բանակցությունները որևէ կերպ չեմ պատկերացնում, թե ով պետք է խոսի Արցախի անունից և ինչ պետք է խոսի` անվտանգությա՞ն, ինքնավարությա՞ն, անկախությա՞ն մասին։ Դա այն պայմաններում, երբ Արցախում ապրող մեր հայրենակիցները ենթարկվում են տնտեսական, ռազմական, հոգեբանական ճնշման, այս պայմաններում երկխոսելը սխալների սխալն է, այն միջազգային մեխանիզմները, որոնց մասին այսօրվա իշխանությունները հնչեցնում են, դրանց, անկեղծ ասած չեմ հավատում։ Որքան ավելի բարձր են այդ մասին խոսում, այնքան Արցախի մեկուսացումն ու ռազմական ճնշումը հակառակն են ցույց տալիս»,– շեշտեց Ադոնցը։
Անդրադառնալով Անկարայի հետ հարաբերությունների կառուցման հեռանկարներին` նա նշեց` Թուրքիան անկանխատեսելի երկիր է, հնարավոր չէ հույս դնել պայմանավորվածությունների վրա։
Ադրբեջանն էլ իր գործողություններում առաջին հերթին հույս է դնում իր ռազմական կարողությունների, ապա նաև դաշնակցի` Թուրքիայի վրա։ Երկու երկրները միասին մեծ հավակնություններ ունեն, որը տարածվում է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Միջին Ասիայի վրա։