Vesti.am-ի հարցազրույցը «Սյունիք» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Գևորգյանի հետ
- Պարոն Գևորգյան, ո՞րն է եղել «Սյունիք»-ի գլխավոր
մարզիչի պաշտոնից հեռանալու պատճառը, կարող ենք ենթադրել, որ մրցաշրջանում ցածր ցուցանի՞շն
է, թե՞ այլ պատճառներ կան։
- Ի սկզբանե, իմ և թիմի տնօրինության պայմանավորավածությունն
այնպես էր, որ պետք է մարզում ֆուտբոլը զարգացնեմ։ Ես իրենց ասել էի, որ դա երկարաժամկետ
ծրագիր է: Կորոնավիրուսից և պատերազմից հետո, որքանով տեղյակ եք, «Գանձասար- Կապանը»,
որ վերանվանվեց «Սյունիք» և պատերազմի պատճառով թողել էր բարձրագույն լիգան, երկար
ժամանակ մենք չունեինք թիմ ոչ առաջին լիգայում, ոչ բարձրագույն լիգայում ։ Բարձր թիմը
ես էի մարզում, մինչև 17 տարեկանները խաղում էին մանկապատանեկան առաջնությունում։ Ես
հանդիպեցի տնօրինության հետ, ովքեր ինձ ասացին՝ կարո՞ղ եմ ֆուտբոլը ոտքի հանել, այնպես,
որ մեր մարզից ցանկություն ունեցող ոչ մի երեխա դուրս չմնա ֆուտբոլից։ Ես ասացի՝ այո,
քանի որ Կապանում ես միակն էի, ով ունի ՈՒԵՖԱ-ի «պրո» արտոնագիր։ Մեր տղաներով՝ Երևանից
էլ կային, Գյումրիից էլ, մասնակցեցինք առաջնությանը և փակեցինք 9-րդ հորիզոնականը։ Բայց մեր կապանից տղաներից
ընդգրկվեցին մինչև 18 տարեկանների հավաքական և երիտասարդական հավաքականի ընդլայնված
ցուցակում, օրինակ՝ կապանցի Ալեն Տատինցյանը։ Նշեմ, որ իմ դարպասապահը՝ Միհրան
Հովհաննիսյանը, նույնպես կապանցի է, մինչև 19 տարեկանների հավաքականում է։ Ինձ չեն հանել, այլ ասել են, որ պետք է նոր՝2023-2024 մրցաշրջանում կամ չեմպիոն դառնանք, կամ պետք է ուղեգիր նվաճենք բարձրագույն
լիգայի համար։ Նույնիսկ ինձ առաջարկեցին որտեղից ուզեմ՝ 9-10 հոգի ֆուտբոլիստ բերեմ։
Կարող եք տեղեկանալ, թե ինչքան կապանցիների եմ հնարավորություն տվել խաղալու և ուզում
եմ տեսնել, թե հիմա իրենց ինչքա՞ն հնարավորություն են տալու և քանի՞ կապանցի է խաղալու։
- Երբ ձեզ կանչել են թիմ և ասել են, որ կապանցի երեխաները
հեռու չմնան ֆուտբոլից, դա նշանակում էր, որ ձեր թիմում բոլորը կապանցի՞ պետք է լինեն։
- Ի սկզբանե,
քանի որ չունեինք, ոչ առաջին լիգայի, ոչ բարձրագույն լիգայի թիմ, կարճ ասեմ՝ սոցիալական
ծրագիր էր։
- Քանի՞ կապանցի
կար ձեր թիմում։
- Իմ ժամանակ
14 կապանցի է եղել։ Չորս խաղ է եղել, որի մեկնարկային կազմում 7 կապանցի է եղել։ Գուցե
խաղ է եղել, որ երեք կապանցի է եղել, չորս, բայց դրանից քիչ երբեք չի եղել։
- Ամբողջ աշխարհում,
կարծես թե ընդունված պրակտիկա կա, որ, ասենք, լեգիոներ են կանչում: Հետաքրքիր է, ավելի
լավ կամ հեռանկարային է թիմը շատ կապանցիներով համալրել, բայց գրավել 8-9-րդ հորիզոնականները,
թե՞ այլ քաղաքաներից ֆուտբոլիստներ հրավիրել, թիմը դարձնել առաջատար ու դրանով նաև
նպաստել մարզում ֆուտբոլի զարգացմանը։
- Ասեմ՝ ես
դրան դեմ եմ։ Թեև կա երկարաժամկետ ծրագիր՝ 3-5 տարի, որ հետո խաղան քո ակադեմիայի սաները:
Հայաստանում դա արել է միայն Փյունիկը: Կա նաև դրա «միքս» տարբերակը, որն անում է Գյումրիի
Շիրակ թիմը։ Իրենք բերում են 4-5 լեգիոներ, իսկ մյուս գյումրեցի տղաները խաղում են
նրանց կողքին՝ բարձրացնելով իրենց վարպետությունը։ Մեզ մոտ գրեթե 400 երեխա է սկսել
հաճախել, իսկ թե ի՞նչն է նպաստել դրան, ասեմ, որ բոլորը տեսել են՝ մարզչական շատբում
բոլորը կապանցիներ են և նույնիսկ 17 տարեկան կապանցի տղային մեկնարկային կազմում խաղալու
հնարավորություն են տվել։
- Իսկ այդ
երեխաները ձեր հովանավորի միջոցներով են մարզվել, թե՞ ձեր նախաձեռնությամբ է եղել։
Եթե չեմ սխալվում, թիմի հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:
- Այո, հենց
Կոմբինատն է ասել, որ սա սոցիալական ծրագիր է, որ լեգիոներ չի լինելու։
- Ներկա պահին,
երբ դուք դուրս եք եկել, ձեր շտա՞բն էլ է դուրս եկել։
- Այո։ Հիմա
ասում են, թե մենք փողի համար ենք դուրս եկել, բայց ես ասում եմ՝ եթե իրենք խնդիր են
դնում, օրինակ, ասում են՝ դուք պետք է բռնեք «պրիզավոյ տեղ», դա չի կարող նույն վարձատրությունն
ունենալ մարզիչների համար։ Եթե մարդիկ ֆուտբոլով չեն զբաղվում, չեն հասկանա սա։ Եթե
դու մարզիչի առջև խնդիր ես դնում, որ նա պետք բռնի առաջինից երրորդ հորիզոնական՝ դրա
վարձատրությունը ուրիշ է: Բայց, երբ ասում ես, որ երեխաներ պետք է զարգացնես՝ պարզ
է, որ դրա վարձատրությունն այլ է։
- Կարո՞ղ ենք
Ձեր ասածից ենթադրել, որ տնօրինության հետ անձնական խնդիրներ չունեք։
- Այո, ես
տնօրինության հետ խնդիր չեմ ունեցել, իրենք ասեցին, որ ցանկանում են, որ ես մնամ ու աշխատեմ։
Ես մարզիչ եմ դարձել նրա համար, որ ինչքան հնարավոր է շատ խաղան մեր կապանցի տղաները։
Ես էլ կարող էի պահանջել, թե 4 հոգի 3000 դոլարանոց ֆուտբոլիստ բերեք, երրորդ տեղ գրավենք,
ես էլ կուրծք ծեծեմ, ասեմ՝ գրավել ենք երրորդ տեղը։ Ես այօր Հայաստանում ողջունում
եմ Ռաֆայել Նազարյանին, ով բարձրագույն լիգայում ԲԿՄԱ-ի մարզիչն է։ Մնացած բոլոր
մարզիչների հանդեպ էլ եմ հարգանքով լցված, բայց նա միակն է, որ խաղում է միայն հայերով։
Իմ ցանկությունն ու նպատակն այն է եղել, որ, ինչքան հնարավոր է, շատ խաղան մեր կապանցի
տղաները։ Նշեմ, որ մեզ հետ՝ մեր շտաբի հետ, նաև կապանցի խաղացողներ էլ են դուրս եկել
մոտ 5-6 հոգի, թիմի ավագն է դուրս եկել, Ստեփանյան Ալենը, Մայիս Ավանեսյանը, Արամ Հովհաննիսյանը,
Մայիլյան Դավիթը։
- Նոր մարզիչի
մասին ի՞նչ կարծիք ունեք։
- Պահելով
բոլոր կոլեգաների նկատմամբ հարգանքը՝ ուղղակի կասեմ, որ ժամանակը ցույց կտա։ Արամ Ոսկանյանն
է հիմա գլխավորում թիմը: Ուղղակի մի ցանկություն ունեմ՝ ինչքան ես եմ կապանցի խաղացրել,
գոնե պահի՝ չպակասացնի։
- Եթե ցանկություն
լինի, օգնության ձեռք կմեկնե՞ք տղաներին, քանզի, որքան տեղյակ ենք, դուք Կապանում եք
հիմա, թեկուզ մարզիչը չեք։
- Ես իմ տղաներին, անկախ նրանից, որ կապանցի եմ, պատրաստ եմ օգել, ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև՝ ամեն հարցում։ Իսկ թե, որն էր պատճառը, որ մենք դուրս եկանք «Սյունիքի» ակադեմիայից ասեմ, որ եթե իրենք կարողանում են 4 օրվա մեջ մարդկանց հետ (ֆուտբոլիստների․ խմբ․) պայմանագիր կապեն, ինձ թվում է իմաստ չունի, որ այլևս ակումբում աշխատեմ։ Ես բոլորին հաջողություն եմ ցանկանում իրենց աշխատանքում, ու, եթե ես տեսնեմ, որ նոր մարզչի առջև խնդիր է դրված՝ երրորդ տեղ բռնել, բայց ինքը կբռնի 6-րդ տեղ և կխաղացնի այնքան կապանցի, որքան ես եմ խաղացրել, ես իրեն կողջունեմ ու կշնորհավորեմ։
Հարցազրույցը՝ Թամարա Աբրահամյանի