Foto

Նիկոլ Փաշինյանը 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում լրատվամիջոցից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գրում  է Hetq.am-ը։

«Հրապարակը» 2025թ. հոդված է հրապարակել այն մասին, որ երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պարզել՝ դավաճանում է նա կնոջը, թե չէ։ 

«Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել»,-գրել է «Հրապարակը»:

Այս և հոդվածում տեղ գտած այլ արտահայտությունները Ն. Փաշինյանը համարում է զրպարտություն։ Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն  իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ 

Վարչապետի գրառման տակ մեկնաբանություն էր կատարել «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմիննե Օհանյանը. «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, Կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ… իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի»։

Հուլիսի 4-ին հայցադիմումը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մակագրվել դատավոր Նելլի Հարությունյանին։

Նիկոլ Փաշինյանը պահանջում է www.hraparak․am կայքում և hraparak ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ հերքում հետևյալ բովանդակությամբ. «06.06.2025թ.-ին www.hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով։ Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։