Foto

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը, որը կայացրել էր 2023 թվականի փետրվարի 22-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։

Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։