Երեկ ձերբակալել են ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանի
որդուն՝ Դավիթ Ավետիսյանին։ Պատճառն այն է, որ երիտասարդը փողոցում հանդիպել է Նիկոլ
Փաշինյանին և, ըստ պաշտպանի, ասել է, որ պատասխան է տալու իր զոհված ընկերների համար։
Իրավապահ մարմինների վարկածի համաձայն էլ՝ Նիկոլ Փաշինյանին անվանել է «դավաճան և վիժվածք»։
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է
Դավիթ Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի
հետ։
-
Պարո՛ն Պապիկյան,
Դավիթ Ավետիսյանի ձերբակալման իրավական հիմքերը որո՞նք են։
-
Որոշման մեջ նշվում է մի քանի հիմք՝ որ անձը կթաքնվի կամ նոր
հանցանք կգործի, կասկածվում է անմիջականորեն հանցանք կատարելու մեջ և ականատես ոստիկանն
ուղղակի մատնանշել է Դավիթ Ավետիսյանին։ Հավանաբար ընտրել են ինչքան շատ, այդքան՝ լավ
սկզբունքը։ Նրան, կարծես թե, մեղադրում են խուլիգանություն կատարելու մեջ։
-
Մեղադրանք առաջադրվա՞ծ
է։
-
Ո՛չ, դատավարական նման կարգավիճակ չունի։ Ձերբակալված է և օգտվում
է մեղադրյալի իրավունքներից։ Արձանագրություն չի ներկայացվել, քննիչն աշխատել է մոտ
5-10 րոպե, պատրաստի որոշում է ներկայացրել։ Դավիթ Ավետիսյանը հրաժարվել է ցուցմունք
տալուց և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
-
Վկայի կարգավիճակ
ունեցող ոստիկանը Դավիթ Ավետիսյանին ի՞նչ հակաիրավական արարաք կատարելիս է տեսել։
-
Զեկուցագրում նշել է, որ Դավիթ Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին
անվանել է «դավաճան և վիժվածք», ինչը, ըստ իրենց, հայհոյանք է և խուլիգանական դրսևորում։
-
Վիրավորանք հասցնելու
հոդվածն ապաքրեականացվել է, այդ դեպքում ինչո՞ւ է անձը ձերբակալվում։ Ո՞րն է միտումը։
-
Եթե դիտարկենք, որ պաշտպանյալս Փաշինյանին վիրավորել է, ապա,
այո՛, իր նկատմամբ քրեական վարույթ չէր կարող հարուցվել, սակայն իրենց համակարգի աճպարարությունը
կայանում է նրանում, որ վիրավորանքը գնահատել են, որպես հայհոյանք, դա էլ դիտարկել
են խուլիգանություն և զարտուղի ճանապարհով հասել են նրան, որ քրեական վարույթ ունենան
և կարողանան ձերբակալել, այլսպես այդպիսի ընթացք չէին կարողանա ապահովել։ Իհարկե, սա
իրավաբանությունից շատ հեռու է, բայց արել են։
-
Խոսե՞լ եք Դավիթ
Ավետիսյանի հետ, ասե՞լ է «դավաճան, վիժվածք», թե՞ ոչ։
-
Խոսել ենք։ Մինչև իրեն ձեռբակալելը 5 ժամից ավելի սպասել ենք,
թե երբ քննիչը կազատվի, որ զբաղվի այս գործով։ Ի սկզբանե, Դավիթն ասել է, որ պատասխան
է տալու իր զոհված ընկերների համար, իսկ երբ արդեն ուժ են գործադրել, պառկեցրել են
ինչ-որ արտահայտություններ արել է, բայց իր առաջին խոսքերն ուղղված Փաշինյանին, եղել
են վերը նշվածը։ Պաշտոնական վարկածը բարեխիղճ չէ և փաստերը խեղաթյուրված են ներկայացվում։ Պարզապես պետք է եղել գրել այնպես,
որ Դավիթին ձերբակալեն և դա արել են։
-
Խուլիգանությունը,
ըստ քրեական օրեսգրքի հասկացությունների, ավելի բարձր դատարանների նախադեպային որոշումների,
ՄԻԵԴ նախադեպի իրենից որոշակի հատկանիշներ է ենթադրում, մասնավորապես՝ այս դեպքում
հասարակական կարգի խախտում, առնվազն ինչ-որ
մեկի հանգստի, ազատ տեղաշարժի խոչընդոտում և այլն։ Ո՞ր հատկաիշներն են բնորոշ Դավիթ
Ավետիսյանի արարքին՝ ըստ իրավապահների։
-
Շատ ճիշտ նկատեցիք։ Անկեղծորեն չգիտեմ, ի՞նչ տրամաբանությամբ
են առաջնորդվել։ Օրինակ՝ դավաճան բառը, որպես հայհոյանք են դիտարկել, որն ինձ համար
ընկալելի չէ։ Կան խուլիգանության հատկանիշներ,
որոնք պարտադիր պիտի լինեն, որն այս դեպքում պարզապես չկա։ Դիցուք, եթե դավաճան բառը հայհոյանք են դիտարկել, ապա այս
դեպքում իրավաբանությունն ամենևին կարևոր չէ։ Երբ հետհայաց եմ գցում այն 5 ժամ և
ավելին, որ առանց որևէ փաստաթուղթ մեզ պահում էին փակ սենյակում՝ այդ ընթցքում մտածում
էին՝ ինչ աճպարարություն անեն, որ ձերբակալեն։ Այդ որոշումը, քննիչը կայացրել էր առանց
Ավետիսյանին իր մոտ ներկայացնելու։ Եթե օրինակ անձը գնար խոստովաներ, որ զղջում է միևնույն
է՝ կձերբակալեին։ Դավիթին առանց տեսնելու են ձերբակալման որոշում կայացրել։
-
Նիկոլ Փաշինյանն
այս գործով, որևէ կարգավիճակ ունի՞։
-
Տեղեկություն չունենք։ Երեկ 22։00-ին Դավիթին տեղափոխել են ՁՊՎ և, մինչ այս պահը, որևէ քննչական գործողություն կատարելու մասին տեղեկություն չունենք։
Գիշերը 2։30 ձերբակալման որոշումը բողոքարկել եմ դատարան: Մինչ հիմա նիստ նշանակված
չէ։
-
Նիկոլ Փաշինյանն
ԱԺ-ում հայտարարեց, որ սովորել է, որ իրեն ասում են «դավաճան» և չի վիրավորվում դրանից,
նույնիսկ այդ առթիվ կատակում է։ Իրավական տեսանկյունից աձը դա որպես վիրավորանաք չի
ընդունում, քրեական վարույթն այս հիմքով կարո՞ղ է կարճվել։
-
Միանշանակ պատասխանել չեմ կարող։ Ինչ վերաբերում է այս բնույթի
գործերին, շատ հաճախ իրավաբանությունն անզոր է։ Ես հիշում եմ՝ կային արտահայտություններ,
որ արժանապատիվ հայերի համար ընդունելի չէ, բայց Փաշինյանն ասում էր, որ իր համար վիրավորական
չէ։ Կարծում եմ հարցը պետք է ուղղել իրեն՝ արդյո՞ք Դավիթ Ավետիսյանի այդ արտահատությունները,
որոնք գրված են ոստիակնների զեկուցագրերում, իր համար վիրավորա՞նք են։
-
Սա մասնավո՞ր, թե՞
հանրային մեղադրանք է համարվում։
-
Եթե մնա այս տիրույթում, կարող են դիտարկել, որպես մասնավոր, բայց դժվարանում եմ
պատասխանել։ Ըստ առողջ տարամաբանության Փաշինյանը պետք է գա ասի, որ ներում է կամ բողոքում
է։
-
Վերջերս մի քանի
անգամ կիրառվեց «գործուն զղջալու» պրակտիկան, կարո՞ղ է այս անգամ էլ դա կիրառվել։
-
Դավիթի հետ այդ հարցը չենք քննարկել։ Այդտեղ զղջալու առիթ ունի
միայն Փաշինյան Նիկոլը, Դավիթը՝ զղջալու առիթ չունի։