ԲԴԽ-ն իր այսօրվա՝ հուլիսի 3-ի, նիստում հրապարակեց իր վճիռը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես, ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Պատճառը դատավորի՝ լրագրողներին տված հարցազրույցն է։
Այսօր նույն՝ էական խախտման,
հիմքով դադարեցվեցին նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի,
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի
լիազորությունները։ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապահական
պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվեց՝ հաշվի առնելով, որ վերջինիս
լիազորություններն արդեն իսկ դադարած են՝ նա վարույթ հարուցելուց հետո համակարգից հեռացել
էր՝ իր դիմումի համաձայն:
Կարգադրիչները լրագրողներին թույլ չտվեցին
մուտք գործել նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ տեղ չկա։
Նկատենք, որ դատավոր Հարությունյանն ու իր պաշտպանական թիմը մի քանի անգամ բարձարաձայնել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հնչող անօրինական հրամանների մասին։ Մասնավորապես՝ դատավորը զրկված է եղել պաշպանության իր իրավունքից։ Նրա իրերն առգրավվել են, իրեն՝ հեռացրել դատական նիստերի դահլիճից, թույլ չեն տվել պաշտպաններին ներս մտնել նիստերի դահլիճ։ Լրատվամիջոցները հրապարակել են նաև ԲԴԽ նիստի ձայնագրության սղագրությունը, որտեղից ակնհայտ է դառնում, որ կարգադրիչները կատարում են Կարեն Ադրեասյանի անօրինական, հակաիրավական հրամանները։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին, դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, դատավոր Հարությունյանը քննադատել է 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով շուրջ 20 դատավորի լիազորություն դադարեցնելու հանգամանքը: Բացի այդ` դատավորն անդրադարձել է ԲԴԽ արդեն նախկին անդամ Մեսրոպ Մակյանի` Factor am-ին ու News.am-ին տված հարցազրույցին, որում ԲԴԽ անդամը խոսել է Խորհրդում որոշումների` բացարձակ կոնսենսուսով ընդունելու մասին: Հարությունյանը նշել է, որ եթե 10 հոգանոց Սահմանադրական մարմնում որոշումները բացարձակ կոնսենսուսով են կայացվում, ապա մի կետից են ուղղորդվում:
Դատավոր Հարությունյանը հայտարարեց, որ դիմելու է ՄԻԵԴ։









