Foto

ԲԴԽ-ն դատավոր Հարությունյանին հեռացրել է նիստի դահլիճից և գործը քննել է առանց նրա պաշտպանների

Դատավոր Դավիթ Հարությունյանին ԲԴԽ-ն հեռացրել է նիստերի դահլիճից: Դավիթ Հարությունյանի պաշտպաններն այսօր միացել են փաստաբանների գործադուլին և նիստին չեն մասնակցում: Տեղեկությունը Vesti.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է դատավորների միության մամուլի պատասխանատու Էլեն Մկրտչյանը:

Ստացվում է՝ ԲԴԽ-ն փաստացի փակ նիստ է գումարում, իսկ դատավոր Հարությունյանy հնարավորություն չունի օգտվել պաշտպանության իր իրավունքից: Նույնիսկ քրեական վարույթի դեպքում, եթե ամբաստանյալին հեռացնում են դատարանի դահլիճից, ապա նրա պաշտպանը, իսկ եթե պաշտպան չունի, ապա՝ ներգրավված հանրային պաշտպանը, շարունակում են նրա պաշտպանությունը: Այս դեպքում գործ ունենք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից պարզունակ իրավական կամայականության հետ:

Այս պահին դատական նիստը շարունակվում է առանց դատավոր Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցիչների:

ԲԴԽ մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանը Vesti.am-ին ասաց, որ դատավոր Հարությունյանի գործը քննվում է դռնփակ ընթացակարգով: Իր տեղեկություններով՝ նիստն այս պահին ավարտվել է, իսկ թե ի՞նչ է արել դատավոր Դավիթ Հարությունյանը, որ նրա նկատմամբ սանկցիա է կիրառվել և հեռացվել է նիստի դահլիճից, նա տեղեկություն չունի, որովհետև նիստը դռնփակ է և ինքը չի մասնակցել դրան:

 

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան