ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը վաղվանից դադարեցնում է իր լիազորությունները՝ նախարարի պաշտոնում։ Այսօր նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների շրջանակում ինքն այսուհետ ղեկավարելու է նախընտրական շտաբը։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իր համար բավարար են նախարարի պաշտոնից հետո այդ նոր պարտավորությունները՝ Փամբուխչյանը հայտարարեց, որ դա իր մեջ նույնպես մեծ պատասխանատվություն է ներառում։
«Երևանի ընտրություններն ունեն կարևորություն, և ես, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը։ Վաղվանից սկսած արդեն պետք է սկսվեն նախապատրաստական աշխատանքները»,- ասաց նա։
Փամբուխչյանի փոխանցմամբ` քննարկում չի եղել Երևան քաղաքի ավագանու ընտրություններից հետո իր անելիքների մասով` խոստանալով նորության դեպքում տեղեկացնել։Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանի վարկանիշին ու հնարավոր բարդություններին ՝ Փամբուխչյաննը հայտարարեց, թե իրենց ունեցած տեղեկությամբ ՔՊ-ն ունի բավականին մեծ վարկանիշ։









